Սուրեն Պապիկյանն ընդունել է բելառուսական ՄԱԶ գործարանի պատվիրակությանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News

.

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հոկտեմբերի 14-ին ընդունել է բելառուսական Մինսկի ավտոմոբիլային գործարանի (ՄԱԶ) փոխտնօրեն Սերգեյ Շուլյակի գլխավորած պատվիրակությանը։

Ինչպես տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, նախարար Պապիկյանը ողջունել է հյուրին և բարձր գնահատել գործարանի ղեկավարության օպերատիվ արձագանքը և հետևողական մոտեցումն իր՝ Մինսկ կատարած աշխատանքային այցի շրջանակներում երկկողմ պայմանավորվածությունները կյանքի կոչելու ուղղությամբ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ուղևորատար փոխադրամիջոցների մատակարարման ուղղությամբ համագործակցության հեռանկարները։ Կողմերն անդրադարձել են ՀՀ համայնքները գյուղատնտեսական և բեռնատար տեխնիկայով ապահովելու գործում ՄԱԶ գործարանի հնարավոր ներգրավվածության ընդլայնման, ինչպես նաև վերջինիս արտադրանքը Հայաստանի տարածքով դեպի Մերձավոր Արևելքի երկրներ արտահանման հնարավորություններին։

Մտքեր են փոխանակվել նաև ՀՀ-ում մեքենասարքավորումների հավաքման գործարանային արտադրություն հիմնելու հնարավորությունների շուրջ։

Հանդիպման ավարտին երկկողմ պայմանավորվածություն է ձեռք բերվել ստեղծել համատեղ աշխատանքային խումբ, որը կքննարկի տրանսպորտային համակարգի արդիականացման նպատակով հանրապետության համայնքների պայմաններին համապատասխան տրանսպորտային միջոցների ներգրավման հնարավորությունները։