«Ունենալ հզոր Հայաստան նշանակում է ունենալ հզոր սփյուռք»․ մեկնարկել է Սինանյանի այցն ԱՄՆ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10, 24News

1

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն աշխատանքային այցով գտնվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Լոս Անջելեսում նա մասնակցել է Հայ-ամերիկյան թանգարանի գալա-երեկույթին, եղել է գլխավոր բանախոսներից մեկը:

«Իր ելույթում Գլխավոր հանձնակատարը նշել է, որ քաջ ծանոթ է Հայ-ամերիկյան թանգարանի անցած ուղուն, որի մասնակիցն է եղել նաև ինքը: «Կարծես երեկ էր, երբ առաջին անգամ հանդիպեցի թանգարանի նորաստեղծ հանձնաժողովի հետ, քննարկեցինք թանգարանի տեսլականը, խորհուրդն ու անհրաժեշտությունը:

Այսօր Ամերիկայի հայ համայնքն ավելի քան երբևէ մոտ է թանգարանի ստեղծմանը, թանգարան, որն ամերիկյան հանրությանը կներկայացնի Միացյալ Նահանգներում հայերի պատմությունը, հայ համայնքի հսկայական ներդրումը երկրի կյանքում, մշակույթի, գիտության և այլ բնագավառներում:

Այսօր հայ ժողովուրդն իր անբաժանելի երկու բաղկացուցիչ մասերով առաջ է շարժվում ավելի վստահորեն, քան երբևէ մեր ժամանակակից պատմության ընթացքում: Ունենալ հզոր Հայաստան նշանակում է ունենալ հզոր սփյուռք»,-ընդգծել է Զարեհ Սինանյանը: Հանձնակատարը շեշտել է, որ Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումներին զուգահեռ՝ սփյուռքի տարբեր համայնքներում շարունակվում է ուծացման ու տարրալուծման գործընթացը,  և հաջորդ տարիները և՛ Հայաստանից, և՛ սփյուռքից պահանջելու են ուժերի լարում և համատեղ գործողությունների ծրագրի իրականացում, որպեսզի դանդաղեցվի և կասեցվի ձուլման գործընթացը: «Սակայն ամեն ինչ գորշ և բացասական չէ, տեղ-տեղ այս մտահոգիչ պատկերն ընդհատվում է հույսի և հայապահպանման բացառիկ դրսևորումներով: Դրանցից մեկը, թերևս, այս տարի Գլենդելում Հայ-ամերիկյան թանգարանի և մշակութային կենտրոնի հիմնադրումն է:

Թանգարանը ոչ միայն  հայոց պատմության մատուցման մեկ հարթակ է, այլ նաև կրթական կենտրոն, որը կարևոր դեր է կատարելու հայապահպանման գործում: Ցանկացած քայլ, որը միտված է սփյուռքի ամրապնդմանը, նաև ամրապնդում է Հայաստանը»,-հավելել է Գլխավոր հանձնակատարը և ուրախություն հայտնել, որ այս թանգարանով հայությունը ևս մեկ անգամ երկարատև դրոշմ կթողնի ամերիկյան մշակույթի վրա: Ելույթի ավարտին Զարեհ Սինանյանը շնորհակալություն է հայտնել թանգարանի բոլոր բարերարներին, Կալիֆոռնիայի նահանգապետ Գավըն Նյուսըմին և սենատոր Էնթոնի Պորտանտինոյին այն հսկայական դերի համար, որ նրանք ունեն թանգարանի ստեղծման մեջ: Տարեկան ամփոփիչ միջոցառմանը ներկա էին հայ համայնքի անդամներ, քաղաքային և նահանգային իշխանությունների ներկայացուցիչներ և այլք»,- ասված է հաղորդագրությունում:

 

Տեսանյութեր

Live

Լրահոս