Արա Վարդանյանի ազատ արձակվելու որոշման դեմ Վճռաբեկ բողոք է ներկայացվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News

իրավական

«Հայաստան համահայկական հիմնադրամ»-ի նախկին տնօրեն Արա Վարդանյանի ազատ արձակվելու որոշման դեմ Վճռաբեկ բողոք է ներկայացվել։ Այդ մասին 24News-ին հայտնեց Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։

Արա Վարդանյանը 10 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ էր արձակվել 2019 թվականի դեկտեմբերի 12-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին, «Համահայկական հիմնադրամի» նախկին տնօրեն Արա Վարդանյանին ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասով մեղադրանք է առաջադրվել՝ յուրացման համար։ Մեղադրանք առաջադրելու համար հիմք է հանդիսացել հիմնադրամի ենթակա ձեռնարկություններից մեկի արտադրանքը հասցեատերերին մատակարարված չլինելու հանգամանքը։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ՝ Արա Վարդանյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել էր կալանավորումը։