Վստրեչի Ապերի տներում ոստիկանները գործողություններ են իրականացրել քրգործի շրջանակում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 5, 24News

վստրեչի ապեր

Արամ Վարդանյանին (ով հայտնի է «Վստրեչի Ապեր» մականվամբ) և նրա հարազատներին պատկանող տներում կոնկրետ քրեական գործի շրջանակներում ոստիկանության ծառայողներն իրականացրել են գործողություններ՝ ունենալով նախաքննական մարմնի` անձին ձերբակալելու մասին որոշում,  լրատվամիջոցներին հայտնել են ՀՀ ոստիկանության լրատվության վարչությունից։

Հիշեցնենք, որ Վարդանյանի փաստաբաններ Լուսինե Սահակյանը և Երվանդ Վարոսյանը իրենց ֆեյսբուքյան էջերում տեղեկացնում են, որ այսօր գիշերը ոստիկանները, առանց թույլտվության, ներխուժել են Արամ Վարդանյանին (հայտնի է որպես «Վստրեչի Ապեր») պատկանող տներ։

Ըստ գրառման՝ գիշերը ժամը 02.40-ի սահմաններում, ոստիկանության հարյուրավոր աշխատակիցների կողմից տեղի է ունեցել հարձակում Արամ Վարդանյանին և նրա հարազատներին պատկանող Արցախի փողոցի 17 հասցեում գտնվող տների վրա։

Ոստիկանության հարյուրավոր աշխատակիցներ շրջափակել են նշված հասցեում գտնվող բազմաթիվ տները՝ ապօրինի, առանց թույլտվության, ոչինչ չբացատրելով, որևէ փաստաթուղթ չներկայացնելով, կոտրելով դռներն ու պատուհանները, հատուկ սարքերի միջոցով կտրելով ճաղավանդակները, ներխուժել են նշված տները, որի ընթացքում նաև կատարել հափշտակություն։ Անգամ տանը մանկահասակ երեխայի առկայությունը չի կանգնեցրել ոստիկաններին շարունակել զենքի օգտագործմամբ ապօրինությունները, որի հետևանքով երեխայի առողջությանը պատճառվել լուրջ վնաս։