Ոստիկանությունը 20-ից ավելի բնակարանային գողություններ են բացահայտել

ԵՐԵՎԱՆ,  ՀՈՒՆՎԱՐԻ 31,  24 News

 Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում տեղեկություններ էին ստացվել, որ երեք երիտասարդ Գեղարքունիքի մարզում գողություններ են անում:
Ստացված տեղեկությունների մշակման արդյունքում պարզվեց, որ նրացից մեկը՝ Արմավիրի, երկուսը՝ Արարատի մարզի բնակիչներ են:
Բավարար ապացույցներ ձեռք բերելու նպատակով քրեական ոստիկանության ծառայողները համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ձեռնարկեցին, որոնց միացան ոստիկանության Սևանի բաժնի ծառայողները։ Համատեղ աշխատանքի արդյունքում հունվարի 29-ին կասկածվողներից մեկը, որ Արմավիրի Բաղրամյան գյուղի 26-ամյա բնակիչ է, Երևանի Աբովյան փողոցում հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց: Նույն օրը Նոր Խարբերդ համայնքից ոստիկանության Սևանի բաժին ներկայացվեցին նաև հանցակից անչափահասները:
Հետագա միջոցառումներով փաստական տվյալներ ձեռք բերվեցին, որ նրանք անցյալ տարվա նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին Գեղարքունիքի մարզում 20-ից ավելի բնակարանային գողություն են արել՝ հափշտակելով տարբեր իրեր։ Պարզվեց նաև, որ նրանք արել են շուրջ մեկ տասնյակ այլ գողություններ՝ թիրախ ընտրելով խանութներ։
Դեպքերի հանգամանքները քննությամբ պարզվում են։

 --00—ՄՀ