Հայաստանի պետական պարտքը մինչև 2020 թվականը կնվազի․ Համաշխարհային բանկի կանխատեսումը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 27, 24News

Thumbnail

Համաշխարհային բանկը հրապարակել է  «Հայաստանի մակրոտնտեսական զարգացումը» հոկտեմբերյան զեկույցի գնահատականները, համաձայն որի՝ Հայաստանում մինչև 2020 թվականը ՀՆԱ նկատմամբ պետական պարտքի հարաբերակցության ցուցանիշը կնվազի՝ հասնելով 55%-ի։ Նշենք, որ 2017թ-ին պետական պարտք/ՀՆԱ ցուցանիշը կազմել է  58.9 տոկոս։ Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը։

«Ֆիսկալ կանոնների պահպանումը, որոնք սահմանափակում են պետական պարտքը ՀՆԱ-ի 60 տոկոսի չափով, կբերեն բյուջետային դեֆեցիտի կրճատման։ Հետևաբար, կանխատեսվում է, որ պետական պարտքը (ներառյալ ԿԲ պարտքը) 2017թ.-ի ՀՆԱ 58.9 տոկոսից նվազելու է՝ 2020թ.-ին հասնելով ՀՆԱ 55 տոկոսի», - նշված է զեկույցում։

Զեկույցի համաձայն՝ զգուշավոր մակրոտնտեսական քաղաքականությունը, ինֆլիացիայի ցածր մակարդակը և առևտրի բարենպաստ պայմանները շարունակում են դրական ազդակներ հաղորդել ՀՀ տնտեսությանը։ Ինֆլիացիան շարունակելու է մնալ ՀՀ ԿԲ-ի սահմանած միջակայքում, մինչդեռ նկատվելու է ընթացիկ հաշվի պակասուրդի աճ՝ ներմուծման հաշվին։

Համաշխարհային Բանկի դիտարկամբ՝ նոր կառավարությունն իրականացնում է նաև զգուշավոր հարկաբյուջետային քաղաքականություն։ 2018թ.-ի առաջին կիսամյակում եկամուտների հավաքագրումը գերակատարվել է՝ շնորհիվ հարկերից խուսափելու դեմ ուղղված ջանքերի։ 2018թ.-ի առաջին կիսամյակում կապիտալ և ընթացիկ ծախսերի ցածր լինելը հանգեցրել է նրան, որ բյուջետային դեֆիցիտ/ՀՆԱ հարաբերակցությունը կազմել է 0.2 տոկոս։ 2018թ.-ի առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ապրանքների արտահանումն  աճել է 20 տոկոսով՝  արտաքին պահանջարկի և մետաղների գների բարձրացման շնորհիվ։ Իսկ ներմուծումն աճել է 33 տոկոսով, որի ⅓ մասը եղել է կապիտալ  ապրանքների հաշվին՝ հիմնականում հանքարդյունաբերական ոլորտում։

Այդուհանդերձ Համաշխարհային Բանկի փորձագետները առանձնացրել են որոշակի ռիսկեր, որոնք կարող են խաթարել երկրի մակրոտնտեսական կայունությունը։ Այդ ռիսկերի շարքին են դասվում քաղաքական անկայուն միջավայրը՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններով պայմանավորված։ Նշված ռիսկերից ցանկացածի առկայությունը բացասաբար է ազդելու Հայաստանի կառուցվածքային բարեփոխումների գործընթացի վրա, որոնք էական նշանակություն ունեն տնտեսական աճի ապահովման համար։ Ողջամիտ ժամկետներում շոշափելի արդյունքներ գրանցելու նպատակով ՀԲ-ն դիտարկել է որոշակի առաջնահերթություններ, որոնց թվին են դասվում կոռուպցիայի դեմ պայքարը և  օրենքի գերակայության առկայությունը։

 

Տեսանյութեր

Live

Լրահոս