Ընտրություններն ապացուցեցին՝ ժողովրդավարությունը Արցախում խոր արմատներ ունի. Ժառանգություն

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 1, 24News

ժառանգություն

Համավարակով պայմանավորված այս բարդ օրերում՝ մարտի 31-ին, Արցախում տեղի ունեցած նախագահական և խորհրդարանական ընտրությունները վկայեցին անվտանգության տարածաշրջանային սպառնալիքներին դիմագրավելու և զարգացման ժողովրդավարական ուղիով ընթանալու Արցախահայության վճռական կամքը: Այս մասին հայտարարություն է տարածել «Ժառանգություն» կուսակցությունը:

Հայտարարությունում նաեւ ասվում է. «Ժառանգություն» կուսակացությունը  լիիրավ վստահությամբ արձանագրում է Արցախի պետականության  ամրությունը, քաղաքացիական հասարակության կայացման բարձր աստիճանը: Բազմակարծության, ազատ ու արդար մրցակցային մթնոլորտում կայացած այս երկու ընտրություններն ապացուցեցին, որ ժողովրդավարությունը Արցախի Հանրապետությունում խոր արմատներ ունի, գործող իշխանությունն ունակ է կազամակերպելու ազատ և թափանցիկ ընտրություններ և այդ ճանապարհով հաղթած ուժերին փոխանցելու մեր հայրենի երկրորդ պետականության կառավարման իրավունքը:

«Ժառանգությունը» համոզված է, որ Արցախի խաղաղ և անվտանգ գոյության,  մեր ազգային միասնականության առաջնային երաշխավոր Հայաստանի Հանրապետությունը գործուն ու փոխհամաձայեցված քայլերով կշարունակի օժանդակել Արցախի իր գործընկերներին՝ ապահովելու Արցախի ընտրողների քաղաքական կամքի իրագործումը՝ ունենալ տնտեսապես զարգացած, բարձրարդյունավետ, սոցիալապես անվտանգ և իր սահմաններում աներեր կանգնած հայրենիք:

Շնորհավորում ենք Արցախի քաղաքական դաշտի բոլոր ուժերին,  նրանց առաջնորդներին և համախոհներին կայացած ընտրությունների կազմակերպման գործում իրենց ներդրած ջանքերի  համար, իսկ ժողովրդավարական ընտրությունների շնորհիվ խորհրդարանական մրցավազքը հաջողությամբ հաղթահարած քաղաքական միավորներին և նախագահական ընտրությունների առաջին փուլում հաղթած երկու թեկնածուներին մաղթում ենք հետագա հաջողություններ մեր ազգային շահերի պաշտպանության և Արցախի ու Հայաստանի միասնականության հաստատման կարևոր գործում: Հավասարակշռված և համերաշխ  քայլերով առաջ գնալու ճանապարհն այլընտրանք չունի:  Մենք ուժեղ ենք միասին, հաղթել ենք միասին և առաջ ենք գնալու միասին:

Տեսանյութեր

Live

Լրահոս