«Արցախի շահը վե՛ր է ամենից». Սերժ Սարգսյանի ուղերձը՝ համապետական ընտրությունների առթիվ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 2, 24News

սերժ
ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակը հայտարարություն է տարածել, համաձայն որի՝ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախում կայացած համապետական ընտրությունների առթիվ:

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Մարտի 31-ին ուշադրությամբ հետևել եմ Արցախում համապետական ընտրությունների անցկացման ընթացքին:

Ընտրություններն այլևս կայացած են, նախնական արդյունքները` ամփոփված: Եվ ինչպիսին էլ լինեն առանձին պետությունների ու կազմակերպությունների արձագանքները` ճանաչեն կամ չճանաչեն միջազգային չափանիշներին համապատասխան անցկացված հերթական այս ընտրությունների արդյունքները, աներկբա է, որ Արցախի քաղաքացիներն իրացրել են իրենց անօտարելի իրավունքը և ազատորեն արտահայտել իրենց կամքը:

Կարևոր է շարունակել այս իրողությունը միջազգային հանրությանը, գործընկեր պետություններին ընկալելի դարձնելու համատեղ աշխատանքը: Արցախի նորընտիր իշխանությունները պետք է կենտրոնացնեն իրենց ջանքերը ԼՂ հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ ու նաև այս փաստարկով ամուր և վստահ ներկայացնեն արցախցիների ձգտումներն ու իղձերը:

Նույն գիտակցումով և մեր ազգային շահերից ելնելով` առաջին հերթին ինքներս պետք է ընդունենք Արցախում հերթական ժողովրդավարական ընտրությունների արդյունքները, մի կողմ դնենք մեր անհատական և քաղաքական համակրանքներն ու ցանկությունները և հարգենք Արցախի քաղաքացիների ընտրությունը:

Ուրախ եմ, որ այս մտայնության կրողն են նաև ընտրապայքարին մասնակցած` հերոսական անցյալ ունեցող իմ մարտական ընկերները և Արցախի առանցքային այլ քաղաքական ուժերի ներկայացուցիչներն ու անհատները, որոնք պատրաստ են միմյանց ձեռք սեղմելու և տրամադրված են համագործակցության:

Արցախը եղել և մնում է մեր ժողովրդի հաղթանակի ոգին, միասնականության խորհրդանիշը և ամենօրյա հոգածության առարկան: Վտանգի մեջ գտնված մեր հայրենիքի մի հատվածը պաշտպանելու համար մեր ժողովուրդը չի խնայել ոչինչ, տվել է ամենաթանկը` իր զավակների կյանքը: Չորս տարի առաջ այս օրը մեր զավակները՝ ավագ ընկերների կողքին, փառքով պսակեցին իրենց անունները` կրկնեցին իրենց հայրերի ու պապերի` շուրջ երեք տասնամյակ առաջ կատարած սխրանքը, որպեսզի երիցս հաղթանակած Արցախում այսօր կարողանան ընտրություն կատարել ոչ թե կյանքի ու մահվան, այլ հանուն արժանապատիվ ապագայի:

Փա՛ռք մեր հերոսներին:

Հուսով եմ, նախագահական ընտրությունների երկրորդ փուլը ևս կանցնի նույնպիսի բարձր մասնակցության ու կազմակերպվածության պայմաններում, և Արցախի նորընտիր իշխանությունները կլծվեն երկիրը աշխարհաքաղաքական այս բարդ և մարտահրավերներով ու վտանգներով լի պայմաններում ղեկավարելու չափազանց պատասխանատու առաքելությանը:

Ուզում եմ վստահ լինել, որ աշխարհը պատուհասած համաճարակի դեմ իշխանությունների ձեռնարկած կանխարգելիչ միջոցառումները տվել են ցանկալի արդյունքը, և առաջիկայում մտահոգվելու առիթ չենք ունենա: Այդ վտանգը աշխարհում դեռ չեզոքացված չէ: Խնդրում եմ՝ շարունակեք զգոն լինել, հոգ տանել ձեր առողջության և կյանքի մասին: Ինքներդ եք հասկանում` առջևում դեռ շատ դժվարություններ կան հաղթահարելու:

Ես էլ ուժերիս ներածին չափով պատրաստ եմ շարունակելու ջանքերս՝ հանուն Արցախի խաղաղության և անվտանգության, ի նպաստ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման և ի բարօրություն Արցախի քաղաքացիների:

Արցախի շահը վե՛ր է ամենից:

Սիրելի քույրե՛ր և եղբայրնե՛ր,

Շնորհավորում եմ ձեզ և մեզ բոլորիս`ազատ, արդար, թափանցիկ և մրցակցային ընտրությունների անցկացման առթիվ:

Շնորհավորում եմ նաև խորհրդարան անցած քաղաքական ուժերին, որոնք մեծ պատասխանատվություն ունեն ինչպես Արցախի քաղաքացիների, այնպես էլ ամեն օր Արցախով ապրող, տասնյակ տարիներ Արցախին ամեն կերպ աջակցող` համայն հայության սպասումներն արդարացնելու առումով:

Աստված զորավիգ և պահապան Արցախին և մեր ողջ ժողովրդին»,-նշված է 3-րդ նախագահի ուղերձում: