Կորոնավիրուսով պայմանավորված՝ Իրանը ժամանակավորապես ազատել է հազար օտարերկրյա կալանավորի

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 21, 24News

կալանավոր

Իրանի իշխանությունները կորոնավիրուսի տարածման սպառնալիքի պատճառով բանտերից ավելի քան հազար օտարերկրացի բանտարկյալների են ազատել: Այս մասին հայտարարել է Գերագույն դատարանի պաշտոնական ներկայացուցիչ Ղոլյամ Հոսեյն Իսմայիլին:

Ժամանակավոր ազատ արձակման իրավունքից օգտվածների թվում է նաև բրիտանացի հպատակ Նազանին Զագարի-Ռեթքլիֆը։ Ինչպես հաղորդում Է IRNA գործակալությունը, նրա համար ժամանակավոր ազատման ժամկետը կտևի մինչև մայիսի 20-ը:

Գերագույն դատարանի ներկայացուցչի հաղորդմամբ՝ բանտարկյալներն ազատվում են այնպես, որ հասարակության մեջ անվտանգության սպառնալիք չստեղծեն. ժամանակավոր ազատ արձակումից ընդհանուր օգտվել է իրանական բանտերում գտնվող մոտ 100 հազար մարդ:

Վերջին շաբաթներին Իրանում վարակման նոր դեպքերի նվազման միտում է նկատվում: Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ վարակվածների թիվը մեկ օրում հասել է պիկին (3 186 դեպք) մարտի 30-ին, որից հետո սկսել է նվազել։ Կորոնավիրուսի հայտնաբերված դեպքերի թիվն այս պահին կազմում է մոտ 83,5 հազար, գրանցվել է առնվազն 5 209 մահվան ելքեր: