Անասնաբուժությունը ոչ միայն պայքար է կենդանու, այլև մարդու հիվանդությունների դեմ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 25, 24News

ավետիսյան

«Սիրելի անասնաբույժներ, 2000 թվականից սկսած՝ ապրիլի վերջին շաբաթը համարվում է Անասնաբույժի միջազգային օր: Այդ օրը հռչակվել է  Անասնաբուժության համաշխարհային ասոցիացիայի կողմից, որի նպատակը եղել է  ցույց տալ, թե ինչպիսին է անասնաբույժի գործը, ինչ կարևորություն ունի այն, և ինչ ենք անում մենք սննդամթերքի  անվտանգության ոլորտում, որը վերաբերում է կենդանական ծագման մթերքներին»,- այս մասին իր տեսաուղերձում նշում է ՀՀ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության ղեկավար Գեորգի Ավետիսյանը՝ շնորհավորելով  բոլոր անասնաբույժներին մասնագիտական տոնի կապակցությամբ:

Ավետիսյանի հավելմամբ՝  2019 թվականին առաջին անգամ պետական մակարդակով են նշել Անասնաբույժի օրը: Այս տարի նույնպես նախատեսված էին միջոցառումներ, սակայն դրանք հետաձգվեցին՝ հայտնի պատճառներով.«Միջոցառումները պետք է ավելի լայն շրջանակ ընդգրկեին այս տարի, պետք է ունենայինք հյուրեր Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպությունից»:

Ավետիսյանն ընդգծում է՝ անասնաբուժությունը ոչ միայն պայքար է կենդանիների հիվանդությունների, այլև մարդկանց հիվանդությունների դեմ. «Մեր երկրում անասնաբույժները գնահատված չեն եղել ըստ արժանվույն. ջանք չի խնայվում այդ ամենը կոտրելու համար»:

Անդրադառնալով կորոնավիրուսի տարածմանը՝ Ավետիսյանը շեշտել է, որ կենդանական ծագման մթերքից հնարավոր չէ վարակվել կորոնավիրուսով: