Գորիսում կորոնավիրուսով վարակվածը 68 ամյա կին է․ մեկուսացվածներից 12-ը բուժաշխատողներ են

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 28, 24News 

կորոնավիրուս

Գորիսում կորոնավիրուսով վարակվածը 68 ամյա կին է, ունի ուղեկցող հիվանդություններ։ Վարակակրի շփման շրջանակը պարզվել է։ Այդ մասին 24News-ի հետ զրույցում ասաց Սյունիքի մարզպետարանի գլխավոր քարտուղար Էդգար Մարտիրոսյանը։

«Այս պահին 30-ից ավելի անձ է մեկուսացվել Գորիսի հոյւրանոցներից մեկում, որոնցից 12-ը Գորիսի բժշկական կենտրոնի աշխատակիցներն են։ Բոլորը թեստավորվել են, թեստերի պատասխանը բացասական է եղել»,-ասաց գլխավոր քարտուղարը։

էդգար Մարտիրոսյանը նաև նշեց, որ կինը տեղափոխվել է Երևան, այս պահին ինքնազգացողությունը լավ է, որևէ խնդիրներ չկան։ 

Նշենք, որ կորոնավիրուսով վարակման այս դեպքը Գորիսում առաջինն է։ Վարակակիրը Գորիս քաղաքի դպրոցներից մեկի ուսուցչուհիներից է, որն օրեր առաջ է վերադարձել Երևանից:

Սոնա Գրիգորյան