Ազատ և պաշտպանված մամուլ ունենալու փաստը զարգացած ու ժողովրդավար հասարակության ցուցիչ է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 3, 24News 

հասարակական

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը շնորհավորական ուղերձ է հղել Մամուլի ազատության օրվա կապակցությամբ։

«Միավորված ազգերի կազմակերպությունը 27 տարի առաջ` 1993թ.-ին մայիսի 3-ը սահմանել է Մամուլի ազատության համաշխարհային օր:

Համացանցի դարում, երբ յուրաքանչյուրը լրագրող է, ամենածանր ու բարդ մասնագիտություններից մեկի կրողները լրջագույն խնդիրների են բախվում, քանի որ ավելի է սրվում անաչառության և պրոֆեսիոնալ լրատվության խնդիրը:

Ազատ ու պաշտպանված մամուլ ունենալու փաստն, իր հերթին, զարգացած ու ժողովրդավար հասարակության ցուցիչ է:

Մեդիա միջավայրի զարգացման խոչընդոտների հաղթահարումն անիրատեսական կլիներ, եթե լրագրողներն ու ոլորտի ներկայացուցիչները մամուլի պաշտպանությունը չհամարեին իրենց գործունեության կարևորագույն պայմաններից մեկը:

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը սիրով շնորհավորում է իր գործընկերներին: Մաղթում ենք միասնականություն, անկոտրում կամք և նվիրվածություն աշխատանքին, քանի որ հենց թվարկված հատկանիշների շնորհիվ է հնարավոր երկրում ունենալ ազատ ու պաշտպանված մամուլ»,-ասված է ուղերձում: