Հիմնանորոգվելու է Շորժա-Վարդենիս ճանապարհահատվածը. նախատեսված է ավարտել մինչև տարեվերջ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 4, 24News

սևանշորժավարդենիս

«Պետական միջոցների հաշվին մայիս ամսին Սևան-Շորժա-Վարդենիս միջպետական նշանակության ճանապարհի 20 կիլոմետրանոց հատվածում կմեկնարկի ճանապարհաշինական խոշոր ծրագիր»: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։

«Հիմնանորոգվելու է Մ-14, Մ-4-Շորժա-Վարդենիս 19+450 կիլոմետրից մինչև 39+400 կիլոմետր ճանապարհահատվածը: Ծրագրի նախահաշվային արժեքը կազմում է 2 միլիարդ 629 միլիոն դրամ: Ծրագրով նախատեսված է հիմքի և երկշերտ ասֆալտբետոնյա ծածկի, 5 կամրջի և 7 կամրջային անցումների կառուցում, 15 հազար 225 մետր երկարության մետաղական արգելապատնեշի տեղադրում, կահավորում, գծանշում: Միայն ասֆալտի երկրորդ շերտի տեղադրումը կընդգրկի 144 հազար քառակուսի մետր մակերես, որին կգումարվի ևս 4500 քառակուսի մետրը՝ մուտքերում և ուղիներում»,- ասված է հաղորդագրության մեջ:

Մարզպետի փոխանցմամբ՝ ծրագրի իրականացման շինարարական մրցույթն այժմ գտնվում է ամփոփման փուլում: Ամենայն հավանականությամբ, շինարարական աշխատանքները կմեկնարկեն մայիսի երկրորդ կեսից: Ծրագիրը նախատեսված է ավարտել մինչև տարեվերջ:

«Ճանապարհի հիմնանորոգումը մեծապես կխթանի կապը Հայաստանի հյուսիսային մարզերի, Գեղարքունիքի մարզի և Արցախի Հանրապետության միջև, կնպաստի Սևանի հյուսիս-արևելյան ափի բնակավայրերի տնտեսական աշխուժացմանն ու զարգացմանը»,- նշել է մարզպետը: