Արա Բաբլոյանի և Արսեն Բաբայանի գործով դատական նիստը հետաձգվեց

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 14, 24News 

իրավական

Երանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան-Նոր Նորք նստավայրում, այսօր՝ մայիսի 14-ին, ՀՀ ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի և ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի գործով դատական նիստը հետաձգվեց։ Հաջորդ դատական նիստը նշանակվեց հունիսի 9-ին, ժամը՝ 13:30-ին:

Նշենք, որ հաջորդ նիստի ընթացքում դատարանը կքննի Արա Բաբլոյանի պաշտպան Արամ Վարդևանյանի ներկայացրած միջնորդությունը։ 

Հիշեցնենք, որ այս գործով մեկ անգամ արդեն նշանակվել էր նիստ, սակայն պաշտպանների միջնորդությամբ՝ կորոնավիրուսի հիմքով հետաձգվել էր։

Տեղեկացնենք, որ Արա Բաբլոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2018 թ․ հանդիսանալով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահը, մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, ինչպես նաև կատարել է պաշտոնեական կեղծիք։

Արսեն Բաբայանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2018 թ․ մարտի 5-ին, համատեղության կարգով հանդիսանալով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնակատարը, օժանդակել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանին և այլ պաշտոնակատար անձանց՝ իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետրևանքներ, ինչպես նաև կատարել է պաշտոնեական կեղծիք։

Սոնա Գրիգորյան