Արցախում կբարձրանա առողջապահության ոլորտի աշխատողների աշխատավարձը. ԱՀ նախագահ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 12, 24News 

․

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 13-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված առողջապահության ոլորտի խնդիրներին: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմից։

Երկրի ղեկավարը համակարգի պատասխանատուների հետ քննարկմանը հայտարարել է, որ, նախընտրական խոստման համաձայն, ոլորտի աշխատողների աշխատավարձերի զգալի բարձրացում կլինի: Սեպտեմբերի 1-ից բժիշկների աշխատավարձերը կավելանան 30%-ով, բուժքույրերինը՝ 20% -ով, իսկ կրտսեր բուժանձնակազմինը՝ 15%-ով: Ոլորտի աշխատողների աշխատավարձի կտրուկ բարձրացում կլինի գալիք տարվա հունվարի 1-ից:

«Պետական այս քաղաքականության նպատակն է առողջապահական որակյալ համակարգ ստեղծելն է՝ լավագույն մասնագետներին ներգրավմամբ: Բացի այդ, պետք է արմատախիլ արվեն բոլոր տեսակի արատավոր երևույթները: Հակառակ դեպքում՝ օրինախախտները ենթարկվելու են իրավական խիստ պատասխանատվության: Կառավարությունը հետևողական աշխատանք է ծավալելու այդ ուղղությամբ»,- նշել է նախագահը:

Խորհրդակցության ընթացքում Արայիկ Հարությունյանը մեկ անգամ ևս շեշտել է, որ հունվարի 1-ից առողջապահական հիմնական ծառայությունները քաղաքացիների համար ամբողջությամբ դառնալու են անվճար:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև հանրապետությունում նոր կորոնավիրուսի հետևանքով ստեղծված իրավիճակը և դրա դեմ կիրառվող միջոցների արդյունավետությունը: Առողջապահության համակարգի պատասխանատուները հիմնականում դրական են գնահատել պարետի կայացրած որոշումները և աջակցություն հայտնել դրանց հետևողական իրականացման գործում:

Հանդիպմանը մասնակցել են նաև Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորները:

--0--ԱՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս