«Ավրորան» կաջակցի «Հոշոտված Հայաստան» գրքի վերահրատարակմանը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10, 24News

1

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը կաջակցի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին՝ կյանքի կոչել իր նոր նախագիծը և առաջին անգամ Ավրորա Մարդիգանյանի «Հոշոտված Հայաստան» գիրքը վերահրատարակել ծանոթագրություններով: Հայերեն և անգլերեն այս եզակի հրատարակությունը կլինի Թանգարան-ինստիտուտի կարևորագույն նախագծերից մեկի՝ «Հայոց ցեղասպանությունը վերապրածների հուշագրությունների մատենաշարի» խորհրդանշական մեկնարկը:

««Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը տարիներ շարունակ սերտորեն համագործակցել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հետ և ուրախ է աջակցել հատկապես այս նախագծին, քանի որ մեր նախաձեռնությունը ոգեշնչվել է Ավրորա Մարդիգանյանի պատմությամբ և կրում է նրա անունը: Դեռ երեխա ժամանակ նա անցել է Հայոց ցեղասպանության սարսափների միջով և ոչ միայն ողջ է մնացել, այլև բազմիցս վերապրել է այդ ողբերգությունը՝ իր պատմությունն աշխարհին ներկայացնելով բեմից և ֆիլմով, այդպիսով բարձրացնելով Ցեղասպանության մասին հանրային իրազեկվածությունը: Այս տարի «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը նշում է իր հնգամյակը, և այս վերահրատարակությունը ճիշտ պահին է՝ ընդգծելու, թե որքան կարևոր է լույս սփռել մարդկային ոգու տոկունության վրա»,- ասաց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության նախագահ Թոմ Քաթինան:

Գիրքը վերահրատարկվում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հրատարակչական նոր՝ «Հայոց ցեղասպանությունը վերապրածների հուշագրությունների մատենաշար» նախագծով, որի շրջանակում լույս կտեսնեն Ցեղասպանությունը վերապրածների անտիպ հուշերը: «Հոշոտված Հայաստան» գիրքը կվերահրատարակվի անգլերեն և հայերեն՝ 20 էջ ծանոթագրություններով: Անգլերենը լույս կտեսնի 2.000 օրինակով, իսկ հայերենը՝ 1.000:

«Ցեղասպանությունից ավելի քան հարյուր տարի է անցել, և շատ եզրույթներ ու աշխարհագրական տեղանուններ ծանոթ չեն այսօրվա ընթերցողին, ուստի այս գրքի՝ ծանոթագրություններով հրատարակումը, անհրաժեշտություն էր: Իսկ «Ավրորայի» հետ համագործակցությունն այս համատեքստում, ինչ խոսք, շատ խորհրդանշական է: Ե՛վ Թանգարան-ինստիտուտի, և՛ նախաձեռնության նպատակն ընդհանուր է՝ բարձրացնել Հայոց ցեղասպանության մասին հանրային իրազեկվածությունը, պայքարել ու կանխարգելել այսօր տեղի ունեցող ցեղասպանությունները և օգնության ձեռք մեկնել նման ողբերգությունների միջով անցնող ժողովուրդներին»,- ընդգծեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը:

«Ավրորան» աջակցում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին «Ավրորա» դրամաշնորհների միջոցով: Այն հնարավորություն է տալիս Հայոց ցեղասպանությունը վերապրածների ժառանգներին մեծարելու իրենց նախնիներին փրկողների հիշատակը` աջակցելով կրթական նախաձեռնություններին, բարձրացնելով հանրային իրազեկվածությունը հայկական ժառանգության և մարդասիրական ջանքերի վերաբերյալ:

--00—ԼՄ