Ամուլսարում 65 միլիոն դոլարանոց տեխնիկան` երկարատև ապօրինությունից հետո

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15, 24News 

«Լիդիան Արմենիան» ընկերությունը տարածել է հայտարարություն և տեսանյութ, «Լիդիանի» Caterpillar ավտոպարկի տեխնիկայի վերաբերյալ․

«Ինչպես արդեն տեղեկացրել ենք` «Լիդիան Արմենիան» Ամուլսարի տարածքում շարունակում  է երկամյա ապօրինության արդյունքում պատճառված վնասների գնահատման, ենթակառուցվածքների վերանորոգման, ճանապարհների բարեկարգման,  տեխնիկայի վերականգնման աշխատանքները: Աշխատանքներում ներգրավված է ավելի քանի 80 աշխատակից, որոնց մեծ մասը` Ամուլսարի հարակից համայնքներից:

Նախորդ շաբաթ Ամուլսարում էին գտնվում նաև Zeppelin Armenia-ի ներկայացուցիչներ, որոնք իրականացնում են «Լիդիանի» Caterpillar ավտոպարկի տեխնիկայի վերանորագման աշխատանքները: Հիշեցնենք, որ Ամուլսարում գտնվող «Լիդիանի» ավտոպարկն ամենախոշորն է Հայաստանում` ընդհանուր 65 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ:

Ճանապարհների ապօրինի շրջափակման հետևանքով տեխնիկան, հայտնվելով բարձիթողի վիճակում, կրել է զգալի վնասներ, մանսագետները չեն բացառում նաև գողության փաստը, որովհետև որոշ թանկարժեք պահեստամասներ անհետացել են: Մասնագետներն աշխատում են տեխնիկայի վերականգնման և վնասների գնահատման ուղղությամբ։ Վերականգնված տեխնիկայի մի մասն արդեն ներգրավվել է Ամուլսարում իրականացվող որոշակի աշխատանքներին:

Միաժամանակ Ամուլսարի մատույցներում ապօրինություն իրականացնող անձանց խմբավորումը շարունակում է պարբերաբար խանգարել աշխատակիցների ելումուտին, սպառնալ սեփական համայնքի բնակիչներին։ «Լիդիան Արմենիան» օրենքի շրջանակներում պաշտպանելու է Ամուլսարի տարածքն ապօրինի ոտնձգություններից։ Համայնքներում օրինական աշխատանքով իրենց ապրուստը վաստակող բազմաթիվ բնակիչների անվտանգության ապահովումը իրավապահ համակարգի լիազորությունն ու պարտավորությունն է, որը, հույս ունենք, որ պատշաճ կկատարվի»,-ասված է հայտարարության մեջ։

--0--ԿԿ