Արայիկ Հարությունյանը ԵՊՀ-ում ոչ միայն ռեկտոր, այլև հավաքարարների ղեկավար չի կարող լինել

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News

ԵՊՀ արհմիության նախագահ Արմեն Ավետիսյանի գնահատմամբ` «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծով նույնիսկ կրթություն չունեցող անձը կարող է ռեկտոր նշանակվել։

«Այս նախագծով  ամբողջությամբ «բռնաբարում են» ակադեմիական ազատությունը, բուհական ինքնավարությունը։ Սա օրենքի չարեփոխում է, ամեն ինչ անելու ենք, որ այս «չարեփոխված» օրենքը չընդունվի»,-24News-ի հետ զրույցում ասաց Ավետիսյանը՝ չբացառելով, որ առաջիկայում  հնարավոր է նախագծի վերաբերյալ բողոքի ակցիաներ սկսեն։

Անդրադառնալով մամուլում շրջանառվող լուրերին, թե Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախկին նախարար Արայիկ Հարությունյանը հնարավոր է ԵՊՀ ռեկտոր նշանակվի, արհմիության նախագահն ասաց․ «Արայիկ Հարությունյանը ԵՊՀ-ում  նույնիսկ հավաքարարների ղեկավար չի կարող լինել, ուր մնաց՝ ռեկտոր լինի։ Թող բախտները փորձեն Արայիկ Հարությունյանի նման բուհ քանդողին բերել ԵՊՀ»։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 3-ին կայացած նիստում ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագծերին։ Դրանցով բարձրագույն կրթության և գիտության ոլորտներում առաջարկվում են արմատական փոփոխություններ:
Մասնավորապես, նախատեսվում է միավորել նախկինում գործող երկու հիմնարար օրենքները՝ «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքը՝ ընդունված 2000 թ.-ին, և «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքը՝ ընդունված 2004 թ.-ին, ոլորտային ամբողջական կարգավորումը վերապահելով ընդունվելիք «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքին։

Օրենսդրական նոր կարգավորման նպատակն է բարձրացնել կրթության և գիտության համակարգերի կառավարման արդյունավետությունը: Սահմանվում են բարձրագույն ուսումնական հաստատություններին և գիտական կազմակերպություններին պետական ֆինանսական աջակցության տրամադրման սկզբունքներն ու մեխանիզմները։ Առաջարկվում է ուսումնառության պետական կրթաթոշակների տրամադրում՝ ուսման վարձի փոխհատուցում։ Դրվում են անհրաժեշտ իրավական հիմքեր գիտական կազմակերպությունների և բարձրագույն ուսումնական հաստատությունների համագործակցության սերտացման և աստիճանական ինտեգրման համար՝ գիտական կազմակերպություններին ինքնուրույն գործելու, հետազոտական ցանցեր և կոնսորցիումներ ձևավորելու կամ բուհերի կազմում որպես գիտահետազոտական ինստիտուտներ ընդգրկվելու հնարավորությունների ստեղծմամբ։ Օրենքի նախագծով նախատեսվում է ներկայիս ասպիրանտական ծրագրերը համապատասխանեցնել համաեվրոպական չափանիշներին՝ դրանք ընդգրկելով բարձրագույն կրթության համակարգում՝ որպես որակավորման երրորդ աստիճան՝ կրթական ծրագիր, որի ավարտին շնորհվում է դոկտորի (PhD) որակավորում։

Բարձրագույն կրթության հիմնական ծրագրերը՝ ըստ կրթական մակարդակների, կարող են իրականացվել ուսանողի լրիվ կամ մասնակի բեռնվածությամբ, այդ թվում՝ հեռավար ուսումնառության ձևերով: Սա ուսանողներին իրենց ուսումնառության ինտենսիվությունը (բեռնվածությունը) կարգավորելու հնարավորություն կտա՝ պայմանավորված իրենց ընդունակություններով, զբաղվածության աստիճանով և ֆինանսական հնարավորություններով: Երկու և ավելի բուհեր (այդ թվում՝ օտարերկրյա) կարող են համատեղ մշակել և իրականացնել կրթական ծրագրեր ու շնորհել բարձրագույն կրթության այս կամ այն մակարդակի որակավորում, ինչը հավաստվում է մասնակից բուհերի կողմից շնորհված միասնական ավարտական փաստաթղթով (դիպլոմով) կամ մասնակից բուհերից մեկի կամ բոլորի առանձին ավարտական փաստաթղթերով (դիպլոմներով)։

Կառավարման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով օրենքի նախագծով նախատեսվում է բուհերի կառավարման խորհրդի կազմը սահմանափակել 12 անդամով, որոնցից 6-ին կառաջադրի բուհը (այդ թվում՝ մեկը ուսանող), իսկ մյուս 6-ը կլինեն գործարար շրջանակներից, հասարակական հատվածից, կրթության, գիտության և մշակույթի ոլորտի ներկայացուցիչներից։ Արգելվում է պետական կամ քաղաքական պաշտոն զբաղեցնող անձանց ներառումը բուհի կառավարման խորհրդում։

Օրենքի նախագծում սահմանվում է, որ անկախ բուհերի կազմակերպաիրավական ձևից և կարգավիճակից՝ բակալավրի որակավորման աստիճանի ցանկացած կրթական ծրագրով ՀՀ քաղաքացիների բուհ ընդունվելու համար պարտադիր է դառնում  «Հայոց լեզու» առարկայի քննությունը։ Բուհերի և գիտական կազմակերպությունների ակադեմիական ազատությունների ապահովման ու կառավարման մեխանիզմների գործունեության առնչությամբ տրված են մի շարք նոր կարգավորումներ։

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ

Տեսանյութեր

Live

Լրահոս