Yerkir.am-ի լրագրողի աշխատանքին խոչընդոտելու դեպքի առիթով հաղորդում է ներկայացվել

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 2,  24News   

ոստիկանություն

Ս․թ․ հունվարի 29-ին կառավարության շենքի առջև Yerkir.am-ի լրագրող Լիանա Սարգսյանի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքի առիթով ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնի բաժանմունք այսօր հաղորդագրություն է տրվել:  Այս մասին տեղեկացնում է Yerkir.am-ի խմբագրակազմը։ 

Հիշեցնենք, որ լրագրողն ականջալուր լինելով Նիկոլ Փաշինյանի՝ Եռաբլուրում առաջ քաշած պայմանին, այն է՝ թղթի վրա գրավոր ներկայացնել ՀՀ Ազգային ժողովում Շուշիի մասին արված հայտարարությունը, պաստառի վրա բառացիորեն մեջբերել էր այն և   ներկայացել կառավարություն:    

Մինչ մեր թղթակիցը գործընկեր լրատվամիջոցներին ներկայացնում էր իր՝ այնտեղ գտնվելու նպատակը, Նիկոլ Փաշինյանի համակիր անձինք, հափշտակելով պաստառը, պատռում են այն, ագրեսիվ վարք դրսևորում, հրում լրագրողին՝ այդպիսով խոչընդոտելով նրա մասնագիտական աշխատանքին։ Հնարավոր բախումը կանխվել է միայն ոստիկանների միջամտությամբ:

Վերոհիշյալ երևույթը վկայությունն է այն իրողության, որ ՀՀ իշխանությունների պառակտիչ գործունեության հետևանքով հասարակական շրջանակներում առկա անհանդուրժողականությունը և իշխանամետ առանձին անձինք իրենց սուբյեկտիվ ընկալումներով խոչընդոտում են նաև լրագրողների մասնագիտական աշխատանքին:

--00—ՄՀ