Առողջապահության նախարարը այցելել է «Էրեբունի» ԲԿ, հանդիպել բուժում ստացող զինվորների հետ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 3, 24News

նկար

 

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ու նախարարի տեղակալ Արտյոմ Սմբատյանն այցելել են «Էրեբունի» բժշկական կենտրոն՝ ծանոթանալու հաստատության կարողություններին, առկա հնարավորություններին, վերջին շրջանում կատարված բարեփոխումներին և նախատեսվող ծրագրերին:

Բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Միքայել Մանուկյանի ուղեկցությամբ` նախարարն ու փոխնախարարը շրջել են կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի շրջանակում անցյալ տարի բացված վերակենդանացման նոր բաժանմունքում, որտեղ բուժում են ստանում արցախյան պատերազմից տուժած վիրավորները:

Անահիտ Ավանեսյանը զրուցել է զինվորների հետ, հետաքրքրվել նրանց բուժման ընթացքով և մաղթել շուտափույթ ապաքինում:

նկար

Միքայել Մանուկյանը նշել է, որ վերակենդանացման նոր բաժանմունքը հագեցած է անհրաժեշտ բոլոր սարքավորումներով: Յուրաքանչյուր մահճակալ ապահովված է անհատական թթվածնի մատակարարման կետով, արտածծման բացասական ճնշման համակարգով, արհեստական օդափոխության սարքով, մշտադիտարկման սարքավորումներով:

«Էրեբունի» բժշկական կենտրոն այցերը մշտապես ուղեկցվում են լավ նորություններով ու նոր ծրագրերով: Կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարում, նաև պատերազմի հետ կապված, արդյունավետ համագործակցություն ենք ունեցել՝ ի շահ մեր ժողովրդի»,- նշել է Անահիտ Ավանեսյանը կենտրոնի գլխավոր տնօրեն Հարություն Քուշկյանի հետ հանդիպման ժամանակ` հավելելով, որ մեր երկրի հնարավորությունների սահմաններում այդ ծանր օրերին արվել է առավելագույնը, բուժօգնության ծավալի ու բնույթի առումով՝ լավագույնը:

նկար

«Անխոս, առողջապահական համակարգը գերծանրաբեռնված էր աշխատում այդ օրերին: Ես բարձր եմ գնահատում համատեղ աշխատանքը թե՛  կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարում, թե՛  խոշոր և ռազմավարական ծրագրերի իրականացման գործում, ինչպիսիք են՝ իշեմիկ ինսուլտի, չարորակ նորագոյացություններով վիրահատությունների ու սանավիացիայի ծրագրերը»,- ասել է Հարություն Քուշկյանը` պատրաստակամություն հայտնելով շարունակելու արդյունավետ համագործակցությունը:

Այնուհետև կողմերը կիսվել են նոր մտահղացումներով, քննարկել առաջիկա անելիքներն ու  ծրագրերը:

նկար
նկար

--00—ԼՄ