«Միանում եմ ԶՈւ ԳՇ-ի կոչին»․ պահեստազորի գնդապետ Արայիկ Մուրադյանն ազատման դիմում է գրել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 4, 24News

նկար

Վայոց ձորի մարզպետի տեղակալ, պահեստազորի գնդապետ Արայիկ Մուրադյանը (Մախնո) հայտարարություն է տարածել՝ հայտարարելով, որ ազատվում է Վայոց ձորի մարզպետի տեղակալ-աշխարհազորային զորամիավորման ղեկավարի (հրամանատարի) պաշտոնից։

«Հարգելի՛ հայրենակիցներ, այսօր մեր հայրենիքի առջև լուրջ մարտահրավերներ են ծառացած, և ազգովի համախմբվելու, սխալները գիտակցելու, առկա խնդիրները լուծելու և առաջ շարժվելու փոխարեն, մեր երկրի իշխանությունները զբաղված են ջրբաժաններ կառուցելով՝ այս օրհասական պահին «իմ և քո»-ի մեթոդաբանությամբ ժողովրդին պառակտելով։ 

Ես՝ որպես բանակի ձևավորման ակունքներում կանգնած զինվորական, ողջ կյանքս նվիրել եմ հայրենիքիս պաշտպանության և հզորացման գործին՝ նախ որպես ազատամարտիկ, այնուհետև ՀՀ Զինված ուժերի սպա՝ հպարտորեն կրելով այդ պատվավոր կոչումը։ 

Մասնակից լինելով պետականաշինության գործին՝ անընդունելի համարելով երկրում ստեղծված իրավիճակը՝ հրաժարվում եմ Վայոց ձորի մարզպետի տեղակալ-աշխարհազորային զորամիավորման ղեկավարի (հրամանատարի) պաշտոնից և որպես արժանապատիվ սպա՝ հայտարարում եմ, որ միանում եմ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի հայտարարությանը և իմ զորակցությունն եմ հայտնում ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանին։   

Իմ զինակի՛ց ընկերներին, Հայոց բանակի զինծառայողներին հորդորում եմ ամուր պահել մեր հայրենի սահմանները, չկորցնել զգոնությունը և ամենայն պատասխանատվությամբ կատարել իրենց գործը»։

--00—ԼՄ