Վրաստանում վարակակիրների թիվը Հայաստանից ավելի է 90000-ով. ի՞նչ թվեր են հարևան երկրներում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 27, 24News

1

Հայաստանում և հարևան երկրներում կորոնավիրուսով վարակավածների թվերը շարունակվում են աճել: 

Չնայած վերջին օրերին Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների և մահերի կտրուկ աճ կա, այդուամենայնիվ, վարակակիր երկրների ցանկում Հայաստանն այս պահին 70-րդն է, հարևան երկրների՝ Իրանի, Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի համեմատ վերջին տեղում է: Վարակակիրների ընդհանուր թիվը Հայաստանում 189,540 է:

Վարակակիրների թվով հարևան երկրներից հաջորդը Ադրբեջանն է, ցանկում 53-րդն է, վարակակիրների ընդհանուր թիվը այդ երկրում 254,370 է:

Վերջին ամիսներին վարակակիրների թվով Վրաստանը առաջ է անցել Հայաստանից և Ադրբեջանից: Այս պահին Վրաստանն աշխարհի երկրների ցանկում 44-րդն է, վարակակիրների ընդհանուր թիվը երկրում 279,936 է, Հայաստանից՝ մոտ 90 հազարով ավելի, Ադրբեջանից՝ մոտ 35 հազարով:

Տարածաշրջանի երկրներից Իրանը ցանկում 15-րդն է. վարակակիրների ընդհանուր թիվը երկրում 1,846,923 է:

Թուրքիան վարակակիրների թվով աշխարհի երկրների ցանկում 10-յակի մեջ է՝ 9-րդ տեղում: Վարակակիրների ընդհանուր թիվը երկրում հատել է 3 միլիոնը: Երկրում ընդհանուր գրանցվել է 3,149,094 վարակակիր:

Մահերի թվով հարևան երկրների ցանկում առաջինը Իրանն է՝ 62308 մահ, ապա Թուրքիան՝ 30,772 մահ, Վրաստանը՝ 3746 մահ, իսկ Ադրբեջան ու Հայաստանը մահերի գրեթե նույն թիվն ունեն՝ համապատասխանաբար 3464 և 3450 մահ:

Նշենք, որ մարտի 27-ի՝ ժամը 18:30-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը 126,852,304 է, որից 2,782,183 -ը մահացել է, 102,270,025 -ը՝ ապաքինվել: Ակտիվ վարակակիրների թիվն աշխարհում 21,800,096 է, որից 92,829 մարդ կամ 0,6 %-ը ծայրահեղ ծանր վիճակում է:

Վարակվածների ու մահերի թվով աշխարհում առաջինն է շարունակում մնալ ԱՄՆ-ն: Երկրում կա 30,854,944 միլիոն վարակման դեպք, որից 561,166 մահացել է, 23,275,268-ըը՝ ապաքինվել, ակտիվ վարակակիր է 7,018,510 մարդ: 

Կորոնավիրուսի վիճակագրական տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ:

--00—ԼՄ