Գործընկերների հարգանքը վայելող Արա Մնացականյանի հիշատակը վառ կմնա հիշողություններում․ ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 29, 24News

նկար

ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Ռուսաստանում ՀՀ դեսպանության խորհրդական Արա Վլադիմիրի Մնացականյանի՝ կյանքից վաղաժամ հեռանալու կապակցությամբ։

«Խորը կսկիծով հայտնում ենք, որ 2021 թ. մարտի 27-ին կյանքից վաղաժամ հեռացել է Ռուսաստանում ՀՀ դեսպանության խորհրդական Արա Վլադիմիրի Մնացականյանը, ով իր բազմամյա գործունեությամբ և հարուստ փորձով նշանակալի ներդրում է ունեցել Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության կայացման գործում։

Արա Մնացականյանը ծնվել է 1959 թ.։ 1983 թ. ավարտել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը։ 1996 թ․-ից ներգրավվել է դիվանագիտական ծառայության մեջ․ տարբեր պաշտոններ է զբաղեցրել ԱԳՆ հյուպատոսական, արարողակարգի և անձնակազմի կառավարման վարչություններում, Ուկրաինայում ու Ռուսաստանում ՀՀ դեսպանություններում։ 2018 թ․-ից Արա Մնացականյանը զբաղեցնում էր ՌԴ-ում ՀՀ դեսպանության խորհրդականի պաշտոնը՝ կատարելով մարզային հյուպատոսի, այնուհետև՝ ՌԴ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսի պարտականությունները։

Արա Մնացականյանն արժանացել է ՀՀ ԱԳՆ բազմաթիվ խրախուսանքների։

Փորձառու դիվանագետի, գործընկերների հարգանքը և հարազատների սերը վայելող Արա Մնացականյանի հիշատակը վառ կմնա մեր հիշողություններում։

Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում պարոն Մնացականյանի հարազատներին և բոլոր նրանց, ովքեր սգում են նրա կորուստը»,-նշված է հայտարարությունում։

--00—ԼՄ