Հստակ էր՝ Գասպարյանն ու գեներալները չեն պատրաստվում այլ քայլ անել, բացի հայտարարությունից

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 29, 24News

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը aravot.am կայքին և «Առավոտ» օրաթերթին տված հարցազրույցում խոսել է նաև վերջին շրջանում ամենից քննարկվող թեմաներից մեկի` ԳՇ պետի պաշտոնից Օնիկ Գասպարյանի ազատման մասին:

- Ամենաինտրիգայինը՝ Օնիկ Գասպարյանի պատմությունը և Ձեր՝ Սահմանադրական դատարան դիմել-չդիմելու հարցը, որը, մեղմ ասած, թե՛ իշխանության և թե՛ ընդդիմության կողմից, այսպես ասենք, սուր քննադատության է արժանացրել Ձեզ: Խնդրում եմ՝ մեկնաբանեք Ձեր գործողությունները:

- Նախ և առաջ, եթե երկու կողմից թեժ քննադատության է արժանացել՝ ուրախ եմ: Հետևաբար, ես, հավանաբար, ճիշտ որոշում եմ ընդունել: Բնական է՝ երբ վարչապետի առաջարկությունը եկավ՝ Օնիկ Գասպարյանին ազատել աշխատանքից, ակնկալիքն այն էր, որ Հանրապետության նախագահը պետք է ստորագրի: Սակայն, քանի որ այս ամբողջը տեղի էր ունեցել Գլխավոր շտաբի ղեկավարի և իր գործընկերների հայտարարությունից հետո, բնական է, իմ առաջին քայլը հետևյալն էր՝ ես որևէ փաստաթուղթ չեմ ստորագրի, մինչև մարդկանց հետ չհանդիպեմ: Գնացի Գլխավոր շտաբ, հանդիպեցի Օնիկ Գասպարյանի հետ: Ներկաներ կային, հետո գեներալների հետ առանձին հանդիպեցի, բավականին երկար տևեց՝ մի քանի ժամ: Չեմ կարծում, թե էթիկայի տեսակետից ճիշտ է, որ Ձեզ փոխանցեմ՝ ինչ ենք խոսել Օնիկ Գասպարյանի հետ: Դրանից հետո նորից հանդիպել ենք Օնիկ Գասպարյանի և նաև գեներալների հետ: Ընդհանուր տպավորությունը կարող եմ փոխանցել. նախ և առաջ ինձ համար հստակ էր, որ ո՛չ Օնիկ Գասպարյանը, ո՛չ Գլխավոր շտաբի գեներալները չեն պատրաստվում ուրիշ քայլ անել, բացի իրենց հայտարարությունից: Սա իրենք հայտարարում էին, և իրենց ելույթներում էլ ինձ համար շատ հստակ էր: Գեներալների հետ հանդիպման ժամանակ ես լսում էի բաներ, որոնց մասին, արդեն գիտեի, և որոշ բաներ, որ նորություն էին ինձ համար՝ բանակի վիճակի մասին: Այդ հանդիպումից հետո իմ եզրակացությունը (խորհրդակցելով գործընկերների, իրավաբանների հետ և հաշվի առնելով առանձին կարծիքներ) հետևյալն էր՝ կա առերևույթ սահմանադրական խնդիր: Եվ ես հստակ ասացի, որ չեմ ստորագրելու, ուղարկեցի վարչապետին, ըստ ընթացակարգի՝ վարչապետն իր կարծիքը հետ ուղարկեց, ես նորից, երկրորդ անգամ հաստատեցի, որ չեմ ստորագրելու և խնդիրը տանելու եմ Սահմանադրական դատարան, ինչպես և արեցի:

Երբ հայտարարեցի, որ չեմ ստորագրելու, ընդդիմությունը, որի մասին Դուք խոսում եք, հայտարարեց, որ նախագահը միացավ իրենց: Ցավում եմ, որ երեք տարի ուշադիր չեն հետևում, թե նախագահը և նախագահական ինստիտուտն ինչպես են աշխատում: Սակայն իրենք իրենց պատկերացումներն ունեին, թե ես ինչպես պետք է դիմեմ Սահմանադրական դատարան, և, իրենց պատկերացմամբ, պետք է դիմեի Օնիկ Գասպարյանի անձնական գործով: Սակայն ես գտնում էի, որ նախագահը պետք է դիմի ոչ միայն Օնիկ Գասպարյանի գործով, այլ ընդհանրապես այդ օրենքի և դրա գործառնության գործով՝ դիմումի մեջ ներառելով և՛ Օնիկ Գասպարյանի դեպքը, այսինքն՝ նմանատիպ դեպքում ազատման գործընթացը, և նաև նշանակման ու ընդհանրապես այդ օրենքի հետ կապված առերևույթ սահմանադրական խնդիրները, ինչը և ես արեցի: Սա ընդդիմությանը չբավարարեց, և «վերջապես նախագահ ունեցանք, նախագահը միացավ մեզ» արտահայտությունները փոխարինվեցին ուրիշ բառերով:

Ես բացարձակապես համոզված եմ, որ այն, ինչ մենք արել ենք, ճիշտ ենք արել: Արել ենք ճիշտ և՛ պետության, և՛ երկրի կայունության համար, և ճիշտ լուծում գտնելու համար դիմել ենք Սահմանադրական դատարան: Հիմա գործը Սահմանադրական դատարանում է, և Սահմանադրական դատարանն իր վերաբերմունքը կարող էր ցույց տալ հենց առաջին օրը կամ չգիտեմ N-երորդ օրը: Երբ վարչապետը նորից դիմեց, որ ստորագրեմ Օնիկ Գասպարյանի փոխարեն նոր նշանակումը, ինչպես Դուք գիտեք, ես նորից հրաժարվեցի և ասացի, որ չեմ ստորագրելու, բայց Սահմանադրական դատարան չդիմեցի, որովհետև արդեն իսկ դիմել էի այդ հարցով: Այսինքն՝ իմ դիմումը ներառում էր ոչ միայն Օնիկ Գասպարյանի դեպքը, այլև բոլոր հնարավոր դեպքերը: Հետևաբար, իմ՝ նման ձեւով Սահմանադրական դատարան դիմելը ճիշտ էր:

Կա քննադատություն, որ սիրում եմ, որովհետև սիրում եմ մարդկանց կարծիքը լսել: Եվ եթե որևէ մեկն առողջ տրամաբանությամբ մտքեր է ասում, միշտ պատրաստ եմ լսել, բայց պատրաստ եմ նաև բանավիճել մարդկանց հետ՝ ապացուցելով, որ տվյալ դեպքում ես կարծում եմ՝ ես եմ ճիշտ, մինչև այն պահը, երբ մեզնից մեկը տրամաբանորեն կապացուցի, որ ինքն ավելի ճիշտ է: Ես որևէ ձևով չեմ կարծում, թե մենք որպես ինստիտուտ սխալ ենք գործել, մենք շատ ճիշտ ենք գործել և ճիշտ պահին ճիշտ ձևով դիմել ենք Սահմանադրական դատարան: Սա առիթ է տվել Օնիկ Գասպարյանին, մյուսներին դիմել վարչական դատարան, ինչն իրենք արեցին: Այդ օրերի ընթացքում ես ոչ թե մեկ անգամ, այլ մի քանի անգամ եմ հանդիպել Օնիկ Գասպարյանի հետ: Հանդիպել եմ և՛ վարչապետի հետ, և՛ ԱԺ-ում ներկայացված կուսակցությունների, և՛ ընդդիմության հետ:

--00--ԱԹ