Էական է սննդի անվտանգությունը․ Հայաստանը չունի ելք դեպի ծով և շրջափակված է․ նախագահ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 30, 24News 

նախագահ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը բացառիկ հարցազրույց է տվել aravot.am կայքին և «Առավոտ» օրաթերթին: Ստորև ներկայացնում ենք հարցազրույցի 2-րդ մասը.

Պետությունն ունի բազմաթիվ պարտականություններ: Դրանք նաև սոցիալական են: Պարտականություններ ունեն նաև մարդիկ, քաղաքացիները՝ պետության, կառավարության նկատմամբ, որպեսզի նա ապահովի և՛ Հայաստանի Հանրապետության անվտանգությունն ու սահմանները, և՛ անվտանգությունն ընդհանրապես: Անվտանգություն ասելով տվյալ դեպքում խոսում ենք ոչ միայն սահմանային, տարածքային, ռազմաքաղաքական անվտանգության մասին, այլև պետք է խոսենք մասնավորապես նաև կիբերանվտանգության մասին: Այսօրվա աշխարհում կիբերանվտանգությունը, տեղեկատվական անվտանգությունը հսկայական դեր ունեն և՛ պատերազմի ժամանակ, և՛ պատերազմից հետո էլ կարող են շատ մեծ ազդեցություն ունենալ՝ ընդհուպ Հայաստան ներդրումներ ներգրավելու իմաստով:

Էական է նաև սննդի անվտանգությունը: Եկեք չմոռանանք, որ Հայաստանը  չունի ելք դեպի ծով և շրջափակված է. Թուրքիա, Ադրբեջան, շատ փոքր տարածք Իրանի հետ և Վրաստան: Հայաստանը, ինչպես ցանկացած, նույնիսկ մեծ երկիր, չի կարող ինքնաբավ լինել և՛ գյուղատնտեսության, և՛ սննդի ոլորտում: Հետևաբար, սննդի անվտանգությունն էական խնդիր է: Որպեսզի սննդի անվտանգությամբ զբաղվես, դրանից առաջ պետք է ընդունես և գիտակցես, որ նմանատիպ անվտանգություն կա, և դա էլ տնտեսության կառավարման մաս է կազմում: Սակայն սննդի անվտանգությունն առանց ժամանակակից գյուղատնտեսության դժվար է պատկերացնել, իսկ մենք այսօր նույնիսկ գյուղատնտեսության նախարարություն չունենք: Բնական է, որ սննդի անվտանգությունը ոչ միայն գյուղատնտեսության, մթերքների արտադրության կամ վերարտադրության խնդիր է, այլև՝ հարաբերությունների, միջազգային առևտրային հարաբերությունների խնդիր: Այսինքն, լրջորեն պետք է այս խնդրով զբաղվել:

Այսօր Հայաստանը, գտնվելով դժվարագույն պայմաններում, ամենագրավիչ երկիրը չէ աշխարհում, որտեղ ներդրումներ կարող են գալ: Այստեղ ներդրումներ անելն արդեն իսկ շատ խնդրահարույց է շատերի համար, իսկ պատերազմից հետո՝ առավել ևս: Հետևաբար, մեզնից, յուրաքանչյուրիցս պահանջվելու են և՛ նոր մոտեցումներ, և՛ լուծումներ, որոնք սովորական չեն, և՛, իհարկե, կարգապահ, ամենօրյա ծանր աշխատանք, որպեսզի Հայաստանը կրկին դարձնենք գրավիչ ներդրողների համար: Սա այն դեպքն է, որ և՛ կառավարությունը, և՛ հանրությունը, և՛ Ազգային ժողովը պետք է գտնեն ոչ ստանդարտ լուծումներ՝ սկսած հարկային լուծումներից, որոնք կքաջալերեն ներդրումը: Այն, որ հնարավոր է դա անել, վստահ եմ՝ իմ անձնական փորձից ելնելով: Եվ որ կան երկրներ ու ընկերություններ, որոնք պատրաստ կլինեն այդ ներդրումներն անել, դրանում էլ եմ վստահ՝ ելնելով իմ անձնական փորձից և բարեկամներից, որոնց հետ շփվում եմ: Սակայն ամեն առանձին վերցրած դեպքում մենք պետք է ամեն ինչ անենք, որ ներդրողը զգա, որ ճիշտ երկիր է եկել: Եթե պայմանավորվում ես ներդրման մասին, օրինակ, արևային էներգետիկայի ոլորտում, և պատրաստակամություն կա ներդրում անել այդ ոլորտում, խոսքը հարյուրավոր միլիոնների մասին է, բայց քննարկումը և թույլտվությունը տալու գործընթացը տևում է, ասենք, երկու տարի, ինչպե՞ս դրան կվերաբերվեիք որպես ներդրող:

Արամ Աբրահամյան- Վատ:

- Եթե դու պատրաստ ես 200-300 մլն դոլարի ներդրում անել, և սա քո առաջին ներդրումն է, պատրաստ ես այդ ներդրումդ հասցնել մինչև 1 մլրդի, բայց երկու տարվա ընթացքում դեռևս չեք հասել այն հանգրվանին, որ կառավարությունն ասի՝ լավ, վաղը խնդրում եմ սկսեք... Թվում է, թե ամեն ինչ պետք է արվեր, որ այս որոշումները շատ արագ լինեն, բայց այդ որոշումները, եթե տևում են երկար ժամանակ, ո ՛չ ներդրողի, ո ՛չ էլ այդ ներդրողի հետ կապված այլ ներդրումների համար Հայաստանն այլևս գրավիչ չէ:

Հետևաբար, ինչպես անել, որ հաղթահարել տնտեսական ճգնաժամը. պատասխանը՝ բոլորի տքնաջան և կարգապահ աշխատանքով:

Եթե ճապոնացիները Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո իրենց կարգապահության, ամենօրյա աշխատանքի շնորհիվ Ճապոնիան դարձրեցին աշխարհի ամենաառաջատար տնտեսական երկրներից մեկը, ինչո՞ւ Հայաստանը չի կարող նույն բանը կրկնել: Դրա համար պետք է հստակ ծրագիր, տեսլական, ամենօրյա տքնաջան, կարգապահ աշխատանք: Ուրիշ լուծում չկա: Հրաշքներ չեն լինում: Եվ այդ ճանապարհով գնալով՝ ևս մեկ անգամ կապացուցես ինքդ քեզ, քո ողջ ժողովրդին և ամբողջ աշխարհին, որ քո հաղթանակներն ապագայում են, և գալու են այդ հաղթանակները:

--00—ՄՀ