Արցախի նախագահի հարցաքննությունից ԵԱՀԿ ՄԽ հայտարարություն. շաբաթը` ամփոփ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 18, 24News

Արցախ

«Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում ներկայացրել է համառոտ տեղեկություններ ընթացիկ շաբաթվա ժամանակամիջոցում Արցախում և Արցախի շուրջ տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ:

Ընդհանուր բնույթի տեղեկություններ

Շաբաթվա սկզբին տարածվել էր տեղեկատվություն, որ ապրիլի 7-ին ադրբեջանցիները կրակել են Արցախի Սարուշեն գյուղի դաշտերում աշխատանքներ իրականցնող գյուղացիների ուղղությամբ, ինչի արդյունքում վնասվել էր դաշտում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող բնակիչներից մեկի գյուղտեխնիկան։

Տեղի ունեցած միջադեպը բավականին լայն քննարկման առարկա էր դարձել մամուլում և սոցցանցերում։ Փորձագետները հիմնականում նշում էին, որ թշնամին նմանօրինակ քայլերով փորձում է մի քանի խնդիր լուծել։Նախ՝ վախի մթնոլորտ մտցնել բնակիչիներ շրջանում, զուգահեռ՝ ճնշման տակ պահել դեպի Շուշի տանող ճանապարհը, որը անցնում է գյուղի կողքով։

Դեպքի արթիվ ԱՀ ՆԳ նախարարության ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի հետաքննիչները բացատրություն են վերցրել գյուղացիներից, լուսանկարել տեղանքը և կազմել արձանագրություն՝ ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը ներկայացնելու համար:

Միջադեպին անդրադարձել է նաև ԱՀ ՄԻՊ գրասենյակը, նշելով, որ ադրբեջանական զինված ուժերը, իրենց գործողություններով ակնհայտ խախտելով քաղաքական ամենաբարձր մակարդակի պայմանավորվածությունները, ոչ միայն խոչընդոտել են համայնքի բնակիչների գյուղատնտեսական աշխատանքներին, այլև իրական ոտնձգություն գործել նրանց կյանքի իրավունքի նկատմամբ:

ԱՀ անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը խոսելով 44 օրյա պետերազմի և Շուշիի անկման մասին, հայտարարել է , որ պետք է անկեղծանալ ու խոստովանել, թե 1992 թվականին ինչպե՞ս է ազատագրել Շուշին, ակնարկելով, որ ինչ-որ բարդ և գերբնական բան այդ օպերացիայում չի եղել և հակառակորդը այդ նույն ձևով էլ հետ է վերցրել Շուշին։ Անդրադառնալով «Լելե Թեփե»-ի օպերացիան իրեն վերագրվող մամուլում շրջանառվող լուրերին՝ Բաբայանը նշել է , որ բոլոր այդօրինակ հայտարարությունը կքննվեն ու նման հայտարարություն անողներին էլ կհրավիրեն պատասխան տալու։

Նշենք , որ Նիկոլ Փաշինյանը շաբաթվա ընթացքում ԱԺ ում խոսել է այդ օպերացիայի մասին՝ և առանց որևէ անուն տալու ասել, որ այդ օպերացիայի միտքը իրեն առաջարկել է գեներալ, որից հետո քննարկում է եղել ու որոշում է կայացվել իրականացնել օպերացիան։ Վարչապետի այդ հայտարարությունից հետո,մամուլում և սոցիալական ցանցերում տարածվեցին տեղեկություններ, որ վարչապետի նշած գեներալը, հենց Սամվել Բաբայանն է ։

Արցախի Հանրապետության գլխավոր դատախազությունը հայտարարություն է տարածել, ըստ որի ԱՀ անվտանգության խորհրդից ստացված հաղորդման հիման վրա 08․02․2021թ․ ԱՀ դատախազության կողմից հարուցվել էր քրեական գործ ԱՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով՝ 2020թ․ հոկտեմբեր ամսում պաշտոնեական լիազորությունների չարաշահմամբ պետությանը 100․000․000 դրամի չափով գույքային վնաս պատճառելու դեպքի առթիվ։Հավելենք, որ նշված ժամանակահատվածում ԱՀ անվտանգության խորհուրդը ղեկավարում էր Սամվել Բաբայանը։

ԱՀ ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը, անդրադառնալով գերիների վերադարձի հետ կապված միջադեպին, հայտարարել է , որ ՀՀ իշխանությունները գիտեին, որ դատարկ է ինքնաթիռը ու սա ևս մեկ անգամ ազգին իրար խառնելու նպատակ ուներ, նաև հարազատներին ուղղելու դեպի պաշտպանության նախարարություն։ Պատգամավորի խոսքերով՝ ՀՀ իշխանությունները ուղղակի առեւտրով են զբաղված ադրբեջանական կողմի հետ։

ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի սոցիալական ծառայությունների գրասենյակի տարածքային բաժինների կողմից՝ այս տարվա մարտ ամսից ապրիլն ընկած ժամանակահատվածում, պետական նպաստ է նշանակվել 549 անձնական գործերով, որից 76-ը՝ ԱՀ պաշտպանության ժամանակ մարտական գործողություններին մասնակցելու հետևանքով:

Ապրիլի 12-ին Ադրբեջանի նախագահի մասնակցությամբ Բաքվում բացվել էր Արցախյան պատերազմին նվիրված «պուրակ», որտեղ հայկական զինվորական տեխնիկայի հետ մեկտեղ ցուցադրված են հայկական զինված ուժերի ծառայողների կերպարներ (մանեկեններ), Հայաստանի ու Արցախի զինվորների անձնական իրեր, մանեկեններ և զոհված հայ զինվորականների սաղավարտներ։

Թեմայի վերաբերյալ հայտարարություն է տարածել Արցախի ՄԻՊ գրասենյակը՝ նշելով, որ աշխարհի աչքի առաջ Իլհամ Ալիևը ֆաշիստական ցինիզմով հրապարակայնորեն ոտնահարում և նվաստացնում է մի ողջ ժողովրդի արժանապատվություն, միտումնավոր տառապանք պատճառում զոհված զինծառայողների, անհայտ կորած ու գերեվարված անձանց հարազատներին:

Թեմային անդրադարձել է ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը՝ նշելով, որ Ադրբեջանը և անձամբ Ալիևը ամեն ինչ անում են հայերին նվաստացնելու և հայատյացությունը խորացնելու համար՝ զուգահեռաբար խոսելով տարածաշրջանային խաղաղության ու համագործակցության «պատրաստակամության» մասին,իսկ ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը ասել է , որ բացված պուրակը Ադրբեջանի իշխանության հերթական հայատյաց ու ցեղասպան քաղաքականության ցայտուն դրսևորումն է։

Թեմային արձագանքել է նաև Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտը՝ նշելով, որ պատերազմը ներկայացում բեմադրելու առարկա չէ: Այժմ առաջնահերթությունը հակամարտության լուծումը գտնելն է: Առաջնայինը գերիների վերադարձն է` նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության և միջազգային մարդասիրական իրավունքի համաձայն, տեղահանվածների վերադարձը, մշակութային եւ կրոնական ժառանգության պաշտպանությունը եւ երկարաժամկետ խաղաղություն գտնելու համար կառուցողական երկխոսության վերսկսումը։

«Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ ապրիլի 15-ին, ԱՀ Մարտունու շրջանի Հերհեր համայնքում, «զոհված և վիրավոր զինծառայողների ընտանիքների բնակարանային պայմանները բարելավելու» ծրագրի շրջանակներում արցախյան երրորդ պատերազմի ժամանակ զոհված 25-ամյա զինծառայող Գրիգորի Գաբրիելյանի ընտանիքին վերանորոգված բնակարան է տրամադրվել:

Լեհաստանի կառավարությունը ապրիլի 15-ին 3 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել Հայաստանին, որը տրամադրվելու է ՀՀ տարածքում բնակություն հաստատած Արցախից տեղահանված քաղաքացիներին:

ՌԴ ՊՆ մամուլի հաղորդագրության համաձայն՝ ապրիլի 14-ին, էներգաապահովման և ջրամատակարարման համակարգերի վերականգնման, սոցիալական կառույցների և բնակելի տների վերականգնման համար Մարդասիրական արձագանքման ռուսական կենտրոնի 13-րդ շարասյունը՝ կազմված ԿամԱԶ մակնիշի 15 զինվորական և ուղեկցող ավտոմեքենայից, անցել է Մատաղիս-Քարվաճառ երթուղով և ապահովել է 100 տոննա բեռի տեղափոխումը Քարվաճառի շրջան: Տեղափոխվող բեռը բաղկացած է եղել շինանյութից և էներգապահովման համակարգի վերականգնման համար նախատեսված սարքավորումներից:

ՌԴ ՊՆ մեկ այլ հաղորդագրությունից էլ տեղեկանում ենք, որ Արցախում ռուս խաղաղապահներն ապահովում են կողմերի սահմանազատման գծի անմիջական հարևանությամբ գտնվող դաշտերում գյուղատնտեսական աշխատանքների իրականացման անվտանգությունը։

Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարի տեղակալ Սերգեյ Ժմուրինի խոսքերով, Արցախում վարուցանքը գրեթե ավարտվում է։ Այս տարի այն խաղաղապահների շնորհիվ կազմակերպվել էր առանց խափանումների։ Խաղաղապահները կարողացել են կարգավորել երկու կողմերի հարաբերությունները, պայմանավորվել, որ կողմերի շփման գծի մոտ վարուցանքն առանց խափանումների ընթանա։ Մինչև աշուն իրենց շնորհիվ տեղի բնակչությունը կստանա լավ բերք։

Արցախում տեղակայված ռուսական խաղաղպահ զորքերի հրամանատար Ռուստամ Մուրադովի ջանքերով ապրիլի 15-ին Ադրբեջանում գտնվող հայ գերիները հեռախոսազրույց են ունեցել իրենց հարազատների հետ։

ՌԴ ՊՆ ապրիլի 16 ի հաղորդագրությունից էլ տեղեկանում ենք, որ Ասկերանի շրջանի Սարդարաշեն գյուղում Մարդասիրական արձագանքման կենտրոնի աշխատակիցները դաշտային կետ են տեղակայել ՝ գյուղի բնակիչներին, փախստականներին և ներքին տեղահանված անձանց որակյալ բժշկական օգնություն ցուցաբերելու համար: Բացի այդ, Մարդասիրական արձագանքման կենտրոնի զինծառայողները կազմակերպել են շուրջ 1500 կիլոգրամ հումանիտար օգնության փոխանցում կարիքավորներին։

ՌԴ ՊՆ ապրիլի 17-ի հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ նոյեմբերի 23-ից չպայթած զինամթերքից մաքրվել է 1 997 հա տարածք, 618 կմ ճանապարհ, 1 716 շենք-շինություն, այդ թվում՝ 30 սոցիալական նշանակության օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 25571 պայթունավտանգ առարկա։

«Լրագրողներ առանց սահմանների» իրավապաշտպան կազմակերպությունը Ռուսաստանին կոչ է արել վերջ դնել ԼՂ տեղեկատվական «սև խորշ» դարձնելու քաղաքականությանը: Կառույցը մատնանշում է առնվազն 10 դեպք, երբ ռուս զինվորականները մերժել են արևմտյան լրագրողներին մուտքի թույլտվության հարցում։ Կազմակերպության պնդմամբ` լրագրողներին մերժելու որևէ օբեկտիվ պատճառ չկա։

Պաշտոնական լրահոս

ԱՀ դատախազությունը հայտարարել է, որ սահմանադրական կարգը տապալելու հատկանիշներով մարտի սկզբին Արցախում հարուցված քրեական գործով առաջիկայում հարցաքննության է հրավիրվելու Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։ Հիշեցնենք, որ քրեական գործը հարուցվել է Արցախում գործող հասարակական կազմակերպություններից մեկի հաղորդման հիման վրա։

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն ապրիլի 12-ին խորհրդակցություն է հրավիրել՝ քննարկելու համար ՀՀ Կառավարության հետ համատեղ մեկնարկելիք՝ պատերազմական գործողությունների հետևանքով վնաս կրած ֆիզիկական և իրավաբանական անձանց աջակցություն ցուցաբերելու ծրագիրը: Նախագահի հանձնարարությամբ կստեղծվի պետական հանձնաժողով, որը և կմշակի աջակցության տրամադրման կարգն ու մեխանիզմները՝ կարճ ժամկետում սկսելով ֆինանսական հատկացումները:

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն ապրիլի 14-ին ընդունել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանին: Քննարկվել են հետպատերազմական Արցախում վերականգնողական աշխատանքների ընթացքը և այդ գործում ՀՀ քաղաքաշինության կոմիտեի և ԱՀ քաղաքաշինության նախարարության համագործակցությանն առնչվող հարցեր:

Նույն օրը Արայիկ Հարությունյանը ընդունել է նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամի փոխտնօրեն Արարատ Խլղաթյանին։Քննարկվել են Հիմնադրամի հովանավորությամբ Արցախում իրականացվող շինարարության ընթացքն ու նոր սկսվելիք ծրագրերը:

Այդ օրվա նախագահի մյուս հանդիպումը եղել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հետ։ Հանդիպմանը, որին մասնակցում էր նաև Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը, քննարկվել են երկու հայկական մայրաքաղաքների միջև համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր:

Ապրիլի 17-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանին։ Հանդիպման ընթացքում քննարկել են արցախահայության առջև ծառացած մարտահրավերները և արցախյան երկրորդ պատերազմի հետևանքների հաղթահարմանն ուղղված քայլերը։

Աշխատանքային այցով Երևանում գտնվող ԱՀ ԱԳՆ ղեկավար Դավիթ Բաբայանն ապրիլի 15-ին հանդիպել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ։ ԱՀ արտգործնախարարը ներկայացրել է պատերազմի հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար իրադրությունը։ Քննարկվել են հետպատերազմական ճգնաժամի հաղթահարմանն առնչվող հարցեր։

ԱՀ ԱԽ քարտուղար Վ․Բալասանյանը «Կամավորական շարժում» ՀԿ պարգևատրման միջոցառման ժամանակ, իր ելույթում հայտարարել է, որ բացի նահատակներից, ամեն ինչը շատ կարճ ժամանակում հետ ենք բերելու։

Արցախի առողջապահության նախարարության և նախարարին կից մասնագիտական խորհրդի կատարած ուսումնասիրության համաձայն՝ Արցախի բժշկական հաստատություններում մոտ 70 բժիշկ-մասնագետների կարիք է զգացվում, որից 20-ը՝ հրատապ։

ԱՀ առողջապահության նախարարության մեկ այլ հաղորդագրության համաձայն, մասնագիտական խորհրդի առաջնորդության ծրագրի շրջանակներում ապրիլի 19-23-ը, Երևանից ժամանած մի խումբ բժիշկներ, «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում անվճար հիմունքներով կիրականացնեն քաղաքացիների հետազոտություններ և խորհրդատվություններ, անհրաժեշտության դեպքում նաև վիրահատական միջամտություններ:

ԱՀ Ազգային ժողովում շրջանառության մեջ է դրվել օրենքի նախագիծ, որի համաձայն կսահմանվեն պետական պարգևների ու կոչումների նոր տեսակներ: Կոչումների տեսակները կհամալրվեն՝ Բարեկամության շքանշանով, «Հայրենիքին մատուցած ծառայության համար», «Աշխատանքային վաստակի համար» մեդալներով և Արցախի Հանրապետության Վաստակավոր շինարարի պատվավոր կոչումով:

Ապրիլի 15-ին ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սևակ Աղաջանյանը հրավիրել է հերթական նիստ, որի օրակարգում ընդգրկված էր «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ԱՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին հարցը: Առաջարկվում է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» փոփոխություններ և լրացումներ կատարել՝ նպատակ ունենալով օրենքով նախատեսված դեպքերում կատարողական վարույթները ավարտվելու կամ կարճվելու դեպքերում կատարողական գործողությունների կատարման ծախսերը չգանձելու դեպքերը:

ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը ապրիլի 15-ին ընդունել է «Կին փախստականների միավորում» հասարակական կազմակերպության ներկայացուցիչներին: Միավորման նախագահ Ռուզաննա Ավագյանը նշել է , որ Շուրջ 33 տարի մարդիկ բնակարանային հերթում են, այժմ մտավախություն ունեն, որ 44-օրյա պատերազմի հետևանքով՝ նոր բռնի տեղահանվածների խնդիրների կողքին, իրենց հիմնախնդիրներն անուշադրության կմատնվեն։

ԱՀ ԱԺ ը, ապրիլի 16-ի արտահերթ նիստում քննարկել և միաձայն կողմ է քվեարկել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Արցախի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագծին: Ըստ օրենքի փոփոխությունների՝ կբարձրացվեն պայմանագրային զինծառայության մեջ գտնվելու, պահեստազորի խմբերում և պահեստազորում գտնվելու տարիքային սահմանաչափերը։

Իտալական ASRIE Analytica-ին տված հարցազրույցում ԱՀ ԱԳՆ տեղակալ Արմինե Ալեքսանյանը ասել է , որ միջազգային հանրությունը պետք է հասկանա, թե որքան լուրջ է իրավիճակն Արցախում և ինչպիսի ողբերգական հետևանքներ է թողել Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիան:

ԱՀ ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանը հայտարարել է, որ պատերազմի,պայքարի ու խաղաղության մեր լեզուն եղել և մնում է հոգևոր ու մշակութային ինքնության ամբողջականության պահպանումը և պետք է շարունակել պայքարը թշնամու օկուպացրած 2000 հուշարձանների պահպանման համար։

ԱՀ ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ ապրիլի 16-ին, Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանի Մայր տաճարի հարակից տարածքում տեղի ունեցավ բողոքի ակցիա՝ նվիրված հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվան:Ակցիայի մասնակիցները պահանջն այն էր, որ միջազգային հանրությունը գործնական քայլեր ձեռնարկի Արցախի վերահսկողությունից դուրս մնացած տարածքներում մշակությանի արժեքները ոչնչացնող Ադրբեջանի դեմ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ապրիլի 13-ին տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ: Քննարկվել են Հայաստանի և Արցախի շուրջ անվտանգային միջավայրի ձևավորմանն ու ամրապնդմանը, տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին և հեռանկարներին վերաբերող հարցեր:

ԼՂ հակամարտության մասին

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ԼՂ հակամարտության կողմերին կոչ են արել իրենց հովանու ներքո որքան հնարավոր է շուտ վերսկսել բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը։Համանախագահները ընդգծել են, որ ԼՂ հարցում հատուկ ուշադրություն պետք է դարձնել վերջնական, համապարփակ և կայուն կարգավորման ձեռքբերմանը:

ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը , անդրադառնալով ՄԽ ի հայտարարությանը, ընդգծել է , որ տարածաշրջանային բարդ զարգացումների ֆոնին հայտարարությունը նոր հնարավորություններ և թարմացված օրակարգ է առաջադրում:

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է,որ ՄԱԿ-ը չի արձագանքել ԼՂ-ում ականազերծման աշխատանքներին միանալու ՌԴ դիմումներին: ՌԴ պաշտպանական գերատեսչության ղեկավարը հատուկ ընդգծել է,որ ականազերծման աշխատանքներն իրականացնում են միայն ռուս և տեղացի սակրավորները:

ՀՀ ԱԳ նախկին նախարար Էդվարդ Նալբանդյանը ծավալուն հարցազրույց է տվել Politique Internationale-ին, որտեղ անդրադարձել է Արցախյան հիմնախնդրին, դրա շուրջ տեղի ունեցած զարգացումներին, ինչպես նաև վերջին պատերազմին։

--00--ԱԹ