Հրդեհ՝ հայ-ադրբեջանական սահմանի չեզոք գոտում․ փրկարարները սահմանել են հերթապահություն

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 29, 24News

խոտ

Հունիսի 28-ին՝ ժամը 17։55-ին, Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ազատամուտ գյուղում այրվում է խոտածածկույթ:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տավուշի և Նոյեմբերյանի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատների հրշեջ-փրկարարական խմբերից մեկական մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է հայ-ադրբեջանական սահմանի չեզոք գոտում և Սևքար գյուղի արոտավայրերում։

Հրդեհը մեկուսացվել է հունիսի 29-ին՝ ժամը 05:09-ին, մարվել՝ 05:45-ին: Հայ-Ադրբեջանական սահմանի չեզոք գոտում այրվել է մոտ 400 հա խոտածածկույթ:

Հրշեջ-փրկարարները սահմանել են հերթապահություն մոտ 20 կմ երկայնքով։

--00—ԼՄ