Սամվել Բաբայանի, Արմեն Գրիգորյանի, Ալեն Սիմոնյանի և մյուսների նոր պաշտոնները

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 14, 24News

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հրամանով Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր ազատվել է զբաղեցրած պաշտոնից ու նշանակվել Արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ։ Արդեն պարզ է դառնում, որ Սահմանադրական դատարանի վճռից հետո, երբ Փաշինյանը կնշանակվի վարչապետ ու պաշտոնապես իրավունք կստանա ձևավորել կառավարություն, Արմեն Գրիգորյանը կնշանակվի արտաքին գործերի նախարար՝ փոխարինելով այդ պաշտոնում դեռևս մայիսի 27-ին հրաժարական տված Արա Այվազյանին։ Ընդ որում, Հայաստանում փաստացի առաջին անգամ է նշանակվում արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար, որը կադրային դիվանագետ չէ։ Ենթադրվում է, որ Փաշինյանն ԱԳ նախարարի պաշտոնին է նշանակում իր հավատարիմ թիմակցին, որպեսզի ճնշի ԱԳՆ-ում ցանկացած հավանական դժգոհություն՝ կապված առաջիկայում Հայաստանի և Ադրբեջանի միջև սպասվելիք զարգացումների, մասնավորապես, խաղաղության պայմանագրի կնքման հետ։ 

Փոփոխություններ են սպասվում նաև Պաշտպանության նախարարությունում։ 24News-ի տեղեկություններով, Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանը նշանակվելու է ՊՆ գլխավոր ռազմական տեսուչ՝ այդ պաշտոնում փոխարինելով Արցախի ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանին։ Թե ի՞նչ պաշտոն է ստանալու Հարությունյանը, դեռ հայտնի չէ, սակայն մեր աղբյուրները հայտնում են, որ նա անգործ չի մնա։ Բանն այն է, որ Փաշինյանը չի մոռացել այն մասին, որ Ջալալ Հարությունյանն այն քիչ սպաներից էր, ով չմիացավ Գլխավոր շտաբի կողմից բարձրաձայնված իր հրաժարականի մասին պահանջին։

Սամվել Բաբայանն, իհարկե, ցանկանում էր դառնալ Պաշտպանության նախարար, սակայն այդ պաշտոնին նրա նշանակումը հնարավոր չէ ոչ միայն այն պատճառով, որ իշխանությունները չեն վստահի զորքերի քաղաքական կառավարումը բավական ինքնուրույն ու անկանխատեսելի վարքագծի համբավ հանած գեներալին, այլ նաև այն պատճառով, որ նրա մուտքն արգելված է մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի տարածք, ինչը լրացուցիչ խոչընդոտներ ու դժվարություններ կարող է առաջացնել հայ-ռուսական հարաբերություններում։ 

Արդեն հստակ է, որ փոփոխություններ են սպասվում նաև խորհրդարանում։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին այդ պաշտոնում կփոխարինի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը։ Թե ի՞նչ ճակատագիր է սպասվում Միրզոյանին՝ անհայտ է։ Մամուլը բազմիցս գրել է այն մասին, որ վերջին շրջանում Փաշինյանի և Միրզոյանի միջև «սև կատու» է անցել, ինչն էլ հավանական է դարձնում, որ Արարատ Միրզոյանը ներկայացված չլինի նաև գործադիրում։ 

Փոխվարչապետի պաշտոնին հրաժարական է տալու նաև Տիգրան Ավինյանը։ Փաշինյանի որոշմամբ, նրա տեղը զբաղեցնելու է Տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանը, որը նաև կորդինացնելու է մարզպետների աշխատանքը։ Մյուս փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը շարունակելու է պաշտոնավարել և ղեկավարել ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի հետ Հայաստանի ինտեգրացիոն հարաբերությունները։

--00--ԿԿ