Ավարտվեց «Քայլ դեպի տուն» 2021 ծրագիրը. 25 երկրից 360 սփյուռքահայ պատանի էր ժամանել ՀՀ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 17, 24News

Սփյուռք

 Հունիսի 21-ից օգոստոսի 13-ը ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը հյուրընկալել էր 25 երկրներից ժամանած 13-18 տարեկան 360 սփյուռքահայ պատանիների՝ նպատակ ունենալով պահպանել և զարգացնել նրանց ազգային ինքնությունը:

Հանձնակատարի գրասենյակից տեղեկացնում են, որ  «Դասավանդի՛ր, Հայաստան» հիմնադրամի հետ համագործակցությամբ՝ սփյուռքահայ երիտասարդները 14 օր շարունակ եղան հայրենիքում՝ սովորելով մայրենին, պատմությունը, հայկական երգն ու պարը, շրջելով և բացահայտելով ողջ Հայաստանը, տեղեկանալով հայրենիքում կրթական հնարավորություններին, ձեռք բերելով բազմաթիվ ընկերներ և նոր ծանոթություններ:

Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը փակման արարողության ընթացքում վստահություն հայտնեց, որ հայրենիքում անցկացրած այս ամառը շրջադարձային կլինի մասնակիցների համար: Երիտասարդներն էլ կիսվեցին իրենց տպավորություններով և վառեցին ավանդական դարձած շուրջպարի խարույկը: Ծրագրի փակմանը մասնակցում էին մի շարք պաշտոնյաներ, ինչպես նաև գործընկեր կառույցների ներկայացուցիչներ:

«Քայլ դեպի տուն» 2022-ի հայտադիմումները կընդունվեն արդեն 2022 թվականի առաջին եռամսյակում:

Հիմնվելով 2019 թվականին՝ ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը պատասխանատու է Հայաստան-սփյուռք հարաբերությունների  զարգացման և իրականացման ռազմավարությունների և քաղաքականության մշակման համար: Այն ներառում է հայրենադարձության գործընթացի աջակցությունն ու խրախուսումը, հայրենադարձների ինտեգրման գործընթացի հեշտացումը, սփյուռքի ներուժի քարտեզագրումը և այլն: Գրասենյակը բաղկացած է տարբեր ստորաբաժանումներից, որոնցում ներգրավված են ներկայացուցիչներ սփյուռքի հայ համայնքներից:

--00—ՄՀ