Մեկնարկում է սփյուռքահայ պատանիների «Քայլ դեպի տուն» ծրագիրը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 21, 24News

full (1)

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը մեկնարկել է «Քայլ դեպի տուն» 2023 երկշաբաթյա ծրագրի հայտադիմումների ընդունումը:

Ծրագիրը հնարավորություն է տալիս սփյուռքի 13-18 տարեկան պատանիներին ժամանել Հայաստան, բացահայտել իրենց հայրենիքը և ամրապնդել ազգային ինքնությունը:

«Քայլ դեպի տուն»-ն այս տարի կընդունի 600 սփյուռքահայ պատանիների և կանցկացվի հունիսի 19-ից օգոստոսի 26-ը՝ 5 փուլով:

Ծրագիրը ներառում է հայոց լեզվի (արևելահայերեն, արևմտահայերեն), հայրենագիտության, ազգային երգ ու պարի դասընթացներ, ճանաչողական այցելություններ Հայաստանի պատմամշակութային վայրեր, թանգարաններ, կրթական հաստատություններ, հանդիպումներ պետական, հասարակական, մշակույթի և արվեստի գործիչների հետ, մարզական և մշակութային միջոցառումներ:

Ծրագրի հայաստանյան մասի բոլոր ծախսերը հոգում է ՀՀ կառավարությունը: Ծրագրին մասնակցել կարող են սփյուռքահայ այն պատանիները, ովքեր նախորդ տարիներին չեն մասնակցել «Արի տուն» և «Քայլ դեպի տուն» ծրագրերին, ինքնուրույն կարող են հոգալ Հայաստան ժամանման և մեկնման տրանսպորտային ծախսերը և ձեռք բերել երկշաբաթյա տուրիստական ապահովագրություն:

Հայտադիմումները լրացնելու համար պետք է այցելել ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի պաշտոնական կայքէջ, և լրացնել հայտադիմումները մինչ մայիսի 10-ը:

Հարցերի դեպքում անհրաժեշտ է կապ հաստատել հետևյալ կոնտակտային տվյալներով՝ հեռ.՝ +374 10 515-517, +374 10 515-514, +374 99 811 083 (WhatsApp, Viber), էլ. փոստի հասցե՝ qayldepitun@gov:

--00—ՅՄ