Միջազգային քրեական տարբեր ատյաններում կարող ենք պատասխանատվության հարց բարձրացնել

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27, 24News

Մարուքյան

Հայաստանը կարող է Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմի հարցով պատասխանատվության հարց բարձրացնել միջազգային քրեական տարբեր ատյաններում: «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը:

Քաղաքական գործիչը պատերազմից մեկ տարի անց զգացողություն չունի, որ դասեր են քաղվել:

«Սպառնալիքները, որ կան ուղղված Հայաստանի պետականության, տարածքային ամբողջականության, ինքնիշխանության դեմ, չեն վերացել, այսօր էլ կախված են երկրի գլխին»,- ասաց նա: 

Թուրքիայի հետ հնարավոր երկխոսությանն անդրադառնալով՝ նա կարևորեց այն, որ հայկական կողմը խոսում է խաղաղությունից, և Ադրբեջանն ու Թուրքիան ցույց են տալիս, որ պատրաստ չեն՝ տարբեր նախապայմաններ առաջ քաշելով:

«Հարևանի հետ խոսելը չի խանգարում բանակն ամրացնել: Բանակդ ամրացրու, ո՞վ է ձեռքերդ բռնել, զենք առ,  տնտեսությունդ վերականգնի, երկրիդ ներքին ուժը կենտրոնացրու, սահմաններդ ամրացրու, խրամատներդ փորի, ի՞նչ կապ ունի, թե ում հետ ես խոսում»:

Մարուքյանի խոսքով՝ դիվանագիտական մեծ աշխատանք կա տանելու, ու հետևողական լինելու դեպքում կարող ենք նաև պատասխանատվության հարց բարձրացնել միջազգային քրեական տարբեր ատյաններում, տարբեր ուղղություններում:

--00--ԱԹ