Ազգային արխիվի նախկին տնօրենի և Արդարադատության նախարարության միջև պայքարը Վճռաբեկում է

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29, 24News

Հասարակական

ՀՀ արդարադատության նախարարությունը Վճռաբեկ դատարան է բողոքարկել Ամատունի Վիրաբյանին Հայաստանի  Ազգային արխիվի տնօրենի պաշտոնում վերականգնելու՝ Վերաքննիչ դատարանի վճիռը։ Այս մասին 24News-ին ասաց անձամբ Վիրաբյանը։

«Հարցը Վճռաբեկ դատարանում է գտնվում։ Ենթադրում է, որ վճիռն իմ օգտին կկայացնի, որովհետև բացահայտ էր, որ նախարարն (ԱՆ նախկին նախարար Ռուստամ Բադասյանը) ուղղակի այնպիսի պատճառ է բռնել ինձ ազատելու, որ իրավական որևէ հիմք չուներ։  Բայց խնդիրն այստեղ դարձել է բարոյական, որովհետև արդեն իմ 65 տարեկանը լրացել է, 65-ից բարձր տարիք ունեցողն այլևս չի կարող ՊՈԱԿ-ի տնօրեն լինել։ Սպասենք Վճռաբեկ դատարանի որոշմանը», - նշեց պատմական գիտությունների դոկտորը։

«Նախարարությունը հուլիսի վերջին է բողոքարկել։ Ենթադրում եմ, որ մոտ ժամանակներս կլինի այդ որոշումը, որովհետև 3 ամիս արդեն անցել է», - եզրափակեց Ամատունի Վիրաբյանը։

ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ, մամուլի քարտուղար Լուսինե Մարտիրոսյանը որևէ մեկնաբանություն չտվեց ներկայացրած բողոքի վերաբերյալ։ «Վճռաբեկ բողոք ենք ներկայացրել, դատական գործի վերաբերյալ մեկնաբանություն տալ չենք կարող», - ի պատասխան 24News-ի հարցին ասաց Մարտիրոսյանը։

Վիրաբյանը տնօրենի պաշտոնից ազատվել էր 2020 թվականի սեպտեմբերի 7-ին` արդարադատության նախկին նախարար Ռուստամ Բադասյանի հրամանով։

2020 թվականի սեպտեմբերի 23-ին պատմաբանը դատական հայց էր ներկայացրել Երևանի քաղաքացիական դատարան ու պահանջել իրեն վերականգնել տնօրենի պաշտոնում՝ «Պահանջ: 07.09.2020թ. թիվ 354-Ա հրամանն անվավեր ճանաչելու, նախկին աշխատանքում վերականգնելու և հարկադիր պարապուրդի գումարը բռնագանձելու պահանջների մասին»։

2021-ի հունվարի 15-ին առաջին ատյանի քաղաքացիական դատարանը բավարարել էր Վիրաբյանի հայցը, սակայն նախարարությունը դիմել էր (15.02.2021) Վերաքննիչ դատարան։ Վերջինն էլ իր հերթին մերժել էր (22.06.2021) արդարադատության գերատեսչության վերաքննիչ բողոքը և ուժի մեջ թողել ավելի ցածր դատարանի վճիռը։

--00--ԿԿ