Ռուստամ Բադասյանն աշխատանքից ազատել է Ազգային արխիվի տնօրենին

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8, 24News

Ամատունի

«Հայաստանի Ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի տնօրեն Ամատունի Վիրաբյանը ՀՀ արդարադատության նախարարի հրամանով ազատվել է աշխատանքից։ Այս մասին  ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ ԱՆ մամուլի խոսնակ Լուսինե Մարտիրոսյանը։

«Արդարադատության նախարարությունը ստացված մի շարք դիմում-բողոքների հիմքով ուսումնասիրություն էր սկսել՝ ՊՈԱԿ-ի գործունեության օրինականությունը ստուգելու նպատակով և դրա շրջանակում հարցում կատարել ՀՀ պետական եկամուտների կոմիտե՝ ՊՈԱԿ-ում իրականացված հարկային ստուգումների վերաբերյալ տեղեկություն ստանալու համար։

Ստացված տեղեկության համաձայն, «Հայաստանի Ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի տնօրեն Ամատունի Վիրաբյանը հաշվապահական հաշվառումը վարել է այնպիսի խախտումներով, որոնք առաջացրել են հարկի նվազեցում, որի արդյունքում հարկային պարտավորությունները ժամանակին չեն կատարվել։

Վերոգրյալը հիմք ընդունելով և ղեկավարվելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ կետի «ժբ» ենթակետով, ՀՀ արդարադատության նախարարի հրամանով «Հայաստանի Ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի տնօրեն Ամատունի Վիրաբյանի լիազորությունները դադարեցվել են և լուծվել է նրա հետ 2015 թվականի նոյեմբերի 27-ին կնքված աշխատանքային պայմանագիրը»։

-- 00—ՄՀ