Շուշանյանն առաջարկում է օրենքի նախագծով սահմանել ընդերքօգտագործողների համայնքներին բաշխումը

ԵՐԵՎԱՆ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1,  24 News

Շուշանյան

 ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախկին փոխնախարար Լիլիա Շուշանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

«Այսօր ԱԺ Տարածքային կառավարման և տեղական կառավարման հարցերով հանձնաժողովը հավանություն տվեց Բյուջետային համակարգի և ՏԻՄ մասին օրենքներում փոփոխություններ կատարելու նախաձեռնությունների փաթեթին։ Հիշեցման կարգով հակիրճ նշեմ, որ նախագծով առաջարկվում էր պետական բյուջե հավաքագրած հարկերից 2%-ը հատկացնել տվյալ ընդերքօգտագործողների ազդակիր համայնքներին։

Անդրադառնամ մի քանի դրվագի՝ խմբավորելով քննարկման ընթացքում հնչեցրած հիմնական հարցադրումները։

1. Հանձնաժողովում մտահոգություններ հնչեցին այն մասին, որ նախագծի հիմքում չկան հաշվարկներ կամ դրանք մի քանի տարվա վաղեմության են։ Դրանով հանդերձ, հասկանալի չէ 2%-ի որոշումը։

* Նշեմ, որ նախագծի մշակման հիմքում դրվել են ոչ միայն թվային բոլոր հաշվարկները՝ ըստ համայնքների, այլև նախապես իրականացվել է միջազգային փորձի մանրամասն ուսումնասիրում։ Ավելին, առկա են նաև 2020թ. հաշվարկները (բաշխման ենթակա է հավաքագրված 45 մլրդ դրամից 902 մլն. դրամը)՝ ըստ 22 ազդակիր համայնքների։

Այն, որ նախագծի հիմնավորման մեջ դրված են մի քանի տարվա վաղեմության տվյալներ, նույնպես վկայում է այն մասին, որ վերջինս հապճեպ չի մշակվել, սկսել է քննարկվել դեռ երկու տարի առաջ և անցել է մշակման բավական երկար փուլ։

** Տոկոսադրույքի խելամիտ նվազագույն չափը որոշվել է ելնելով՝ ա) Հայաստանի բյուջետային համակարգը արմատապես փոփոխության չենթարկելու, բ) բարեփոխման առաջին փուլում մեխանիզմ ներդնելու, դրա առավելությունները և թերությունները գնահատելու, հետագայում անհրաժեշտության դեպքում չափն ինկրեմենտալ ավելացնելու (ոչ թե օրինակ Ալբանիայի նման 25%-ը 5% իջեցնելու պես) գ) ինչպես նաև ՏԻՄ-երին ավելորդ վարչարարությամբ և վերահսկողական մեխանիզմներով չծանրաբեռնելու նպատակից։ Պրակտիկ առումով վերջին նպատակը, կարծում եմ, առաջնային է, քանի որ համայնքներին հատկացվող գումարները այնքան մեծ չեն, որպեսզի մեկ ամբողջ տարի տևող վարչարարություն անցնեն՝ մասհանման չափերի հաշվարկ, ներկայացում, դրանց համաձայն ծրագրերի կազմում և հաստատում ՏԻՄ-ում, ապա ներկայացում կառվարության հաստատման, դրանց հաստատաման կամ մերժման չափորոշիչների և ընթացակարգերի սահմանում և այլն։ Եվ ի վերջո, այս ռեֆորմը նպատակաուղղված է նաև համայնքների ֆիսկալ ինքնուրույնության զարգացմանը, որը ամրագրված է ՏԻՄ միջազգային խարտիայում և վավերացված է Հայաստանի կողմից։

2. Հնչեց նաև մտահոգություն այն մասին, որ տվյալ գումարների ծախսման հստակ ուղղություններ և վերահսկողություն պետք է սահմանվեն։

* Նախագծում արդեն իսկ սահմանված է վերահսկողական մեխանիզմ. դա տվյալ ծրագրերի վերաբերյալ առանձին հաշվետվությունների հաստատումն ու հրապարակումն է ՏԻՄ կողմից։ Դժվարությամբ կարող ենք պատկերացնել, որ ավագանին հաստատի համայնքի ղեկավարի նոր մեքենայի գնում այդ հաշվետվությամբ և իր բնակիրներին ներկայացնի որպես սոցիալական ծրագիր։

Եթե խոսքը գումարը տրամադրելու նախապայման-ծրագրի մասին է, ապա այդ մասին առաջին կետում անդրադարձա վարչարարությամբ ծանրաբեռնելու նպատակահարմարությանը, ՏԻՄ ինքնավարության սկզբունքի գաղափարի խախտմանը։ Նման նախապայմանների կամ պետական կենտրոնական վերահսկողության մեխանիզմ սահմանելուն կողմ կլինեմ, եթե պետությունը որոշի հատկացնել բավական մեծ գումար, օրինակ՝ 10-25%

** Նշեմ նաև, որ սույն փաթեթով, ելնելով վերոնշյալ տրամաբանությունից, կառավարությունը ՉԻ ԿԱՐՈՂ սահմանել ծախսման ուղղություններ համայնքների համար, այլ միայն հրապարակային հաշվետվության ձև։

3. Միանշանակ համաձայն եմ, որ պետք է սահմանել ոչ միայն ազդակիր համայնք(որի բյուջե կատարվում է հատկացումը), այլև բնակավայրը (խոշորացման արդյունքում՝ նախկին ազդակիր համայնքներ), որտեղ պետք է իրականցվի ծրագիրը։

* Սակայն, բացառապես լեռնահատկացման ակտի սահմաններում ազդակիրության որոշումը ՆԵՂԱՑՆՈՒՄ է ազդակիր համայնքների ցանկը։ Սա էլ այն դեպքում, երբ մենք չենք բացառում բնապահպանական ծրագրերը ի թիվս այլ ծրագրերի, իսկ բնապահպանական ծրագրեր կարող են լինել նաև այն ազդակիր համայնքներում, որոնք լեռնահատկացման տարածքից դուրս են։

** Միաժամանակ, եթե օրենսդրության մեջ արդեն գոյություն ունեցող ազդակիր համայնքների սահմանումից տարբերվող նոր ազդակիր համայնքներ. ենք սահմանում, ապա 2020թ. և մյուս հաշվարկները պետք է վերանայել՝ ըստ արդեն համայնքների նոր թվի։ Ավելին, դրանց ազդեցությունը պետք է համադրվի տարեկան տրամադրվող դոտացիաների բանաձևում՝ համոզվելու համար, որ բալանսը դրական է լինում։ Ուստի, կամ անհրաժեշտ է ուղղակի հստակեցնել, որ խոշորացված նախկին ազդակի համայնքների դեպքում այժմ այդ ազդակիր բնակավայրում է իրականացվելու ծրագիր կամ անպայման իրականացնել նոր հաշվարկներ ըստ առաջարկվող լեռնահատկացման ակտով ազդակիր համայնքների՝ չվնասելու նպատակով։

4. Հանձնաժողովին առաջարկում եմ քննարկել նաև հետևյալ գաղափարը. օրենքի նախագծով սահմանել, որ բաշխումն իրականացվի միայն այն ընդերքօգտագործողների համայնքներին, որոնք տվյալ տարվա ընթացքում վճարել են ռոյալթի»։

--00—ՄՀ