Գնաճային ճնշումներն առաջին հերթին առաջանում են տնտեսության տխուր վիճակից. տնտեսագետ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16, 24News

վարդան

Գնաճի զսպման համար պետք է առավել մեծ աշխատանք իրականացնի կառավարությունը։ Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանը՝ անդրադառնալով Կենտրոնական բանկի կողմից վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացմանը։

Կենտրոնական բանկի խորհուրդը դեկտեմբերի 14-ի նիստում որոշում էր կայացրել բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.5 տոկոսային կետով՝ սահմանելով 7.75 %, իսկ այս քայլին գնալու պատճառ նշել էր գնաճի զսպումը։

Տնտեսագետի խոսքերով՝ տվյալ պարագայում, ԿԲ հիշյալ որոշումից բացի, ուրիշ այլ, ավելի լավ տարբերակ չկա։

«Ինչքան էլ, որ օրենքով և Սահմանադրությամբ ԿԲ-ի վրա է դրված գների և ֆինանսական ապահովման խնդիրը, բոլոր դեպքերում դա կարող է ապահովել այն պարագայում ու նրա արդյունքում, որ կիրառվի արդյունավետ տնտեսական քաղաքականություն։ Իսկ դրա բացակայության պայմաններում Կենտրոնական բանկն անում է առավելագույնը։ Եվ բոլոր դեպքերում այն իր գործիքակազմով, իր լիազորություններով և իր իրավասությունով չի կարող միջամտել տնտեսական քաղաքականությանը։ Այսինքն՝ գնաճային ճնշումներն առաջին հերթին առաջանում են տնտեսության տխուր վիճակից», - ընդգծեց Վարդան Բոստանջյանը։

«Եվ այդ պարագայում պետք է ողջունել միայն մեր Կենտրոնական բանկի իշխանություններին, որոնք մեծագույն դժվարությամբ կարողանում են թեկուզ այս գործիքակազմով զսպել գնաճային ռիսկերը և ապահովել հարաբերական կայունություն», - ասաց պրոֆեսորը։

Հարցին՝ կառավարությունը կարո՞ղ է տնտեսությանը դրական զարկ տալ, և այս ամենը չմնա ԿԲ-ի վրա, Վարդան Բոստանջյանը պատասխանեց, որ «գրեթե 4 տարիների ընթացքում տեսել ենք, որ արհեստավարժության, պրոֆեսիոնալիզմի, ընդհանրապես նպատակամետ ծրագրի առկայություն չկա, դրանք բացակայում են»։ 

«Այս պարագայում ես չեմ կարող ասել՝ «գիտե՞ք, վաղն արդեն կսկսեն լավ աշխատել»։ Իրենք [կառավարության անդամները] աշխատում են այնպես, ինչպես կարողանում են, իսկ խոշոր առումով գրեթե ոչինչ, բացի վայելքներից, չեն կարողանում։ Ու այդ վայելքները ոչ թե իրենց հաշվին են, այլ՝ պետության հաշվին», - եզրափակեց տնտեսագիտության դոկտորը։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 14-ին մամուլի ասուլիսի ժամանակ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը հայտարարել էր, որ 2021 թվականը Հայաստանը կավարտի 4.2% տնտեսական աճով, իսկ գնաճը ներկայիս 9.6-ի փոխարեն տարեվերջին կկազմի 8.4%։

Ըստ նրա՝ նոյեմբերին Հայաստանում գրանցվել է 1.7 % գնաճ, իսկ 12-ամսյա գնաճը կազմել է 9.6։ Իսկ ինչ վերաբերում է ներքին տնտեսական իրողություններին, ապա Գալստյանն ասել էր, որ երկրի տնտեսական ակտիվությունը շարունակում է ցածր մնալ` պայմանավորված գյուղատնտեսության ու արդյունաբերության ճյուղերի աճի դանդաղությամբ։

--00—ԼՄ