Տարեվերջին՝ 10 % գնաճ․ դա անարդյունավետ կառավարման հետևանք է․ պրոֆեսոր

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 2, 24News

1

Ներկայիս գնաճի պայմաններում ՀՀ կենտրոնական բանկը՝ որպես դրամային իշխանություն, գործում է իրավիճակին համարժեք։ Այս մասին 24News-ին ասաց ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դասախոս, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանը՝ անդրադառնալով ԿԲ-ի գործունեությանը։

Երեկ՝ մամուլի ասուլիսի ժամանակ, ԿԲ նախագահ Մարտին Գալստյանն ասել էր, թե տարեվերջին կունենանք 10 % գնաճ՝ նույնիսկ զսպման մեխանիզմներով։ Ըստ Գալստյանի՝ ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացրել է 0.5 տոկոսային կետով՝ սահմանելով 10․5 %, այս տարվա սեպտեմբերին 12-ամսյա գնաճն ավելացել ու կազմել է 9․9 %, բնականոն գնաճը՝ 10․5 %։

Ըստ ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի պրոֆեսոր Վարդան Բոստանջյանի՝ տնտեսության ոլորտում ԿԲ-ն իր աշխատանքը կոորդինացնում է կառավարության հետ, որը ֆինանսավարկային քաղաքականության գլխավոր պատասխանատուն է։

«Հայաստանում գնաճի հիմնական պատասխանուն կառավարությունն է, այսպիսի իրավիճակը ստեղծվել է անարդյունավետ կառավարման հետևանքով։ Երեկ Քերոբյանն ասաց, որ նորմալ են կրակոցները սահմաններին։ Եթե նախարարն այսպիսի բան է ասում, այսպիսի կառավարության պարագայում գնաճ էլ, ինֆլացիա էլ կլինի», - նշեց նա։ 

Ինչ վերաբերում է ՀՀ տնտեսական աշխուժությանը, ապա, ըստ Բոստանջյանի, Հայաստանում եղել է քվազի, կեղծ տնտեսական աշխուժություն, որը պայմանավորված է եղել Ռուսաստանից տեղի ունեցած ներհոսքերով։

«Ուկրաինական պատերազմի պատճառով ոչ միայն դեպի Հայաստան, այլև Վրաստան և այլ երկրներ տեղի է ունեցել կապիտալի հոսք, ինչն էլ մեծապես ազդել է այդ աշխուժության վրա։ Ռուսաստանից դրամական փոխանցումների ներհոսքի շարունակական աճը՝ նույնպես»,-նշեց նա։

Վարդան Բոստանջյանը նաև ասաց, որ տնտեսության ոլորտում կառավարման անարդյունավետությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ գործող իշխանությունում չկան անհրաժեշտ մասնագետներ։

«Ուրեմն չունեն անհրաժեշտ մասնագիտական մակարդակ, որի պարագայում իմիջայլոց ղեկավարում է տեղի ունենում։

Կենտրոնական բանկը 30 տարիների ընթացքում շուկայական հարաբերությունների ամենակայացած կառույցն է։ ՀՀ կենտրոնական բանկը կրակն է ընկել այս կառավարության ձեռքը, ոչ միայն այս 4 տարիների ընթացքում, նախորդ ժամանակահատվածում էլ։ Բոլոր դեպքերում ԿԲ-ի կողմից իրականացված քաղաքականությունը մաքսիմալ ուղղված է, որպեսզի մեր երկրի ֆինանսական շուկայում համեմատաբար կայուն վիճակ լինի», - եզրափակեց տնտեսագիտության դոկտորը։

Սերգեյ Առաքելյան

--00—ԼՄ