Ղարիբաշվիլին Թբիլիսիի և Երևանի հարաբերություններն «իդեալական» է համարում

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20, 24News

Քաղաքական

Վրաստանն ու Հայաստանը պետք է խոսքից անցնեն իրական գործի, այսօր հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ միջկառավարական տնտեսական հանձնաժողովի նիստից առաջ, գրում է «Նովոստի-Գրուզիա»-ն։
Հանձնաժողովի նիստը պետք է կայանար դեռ 2020 թվականին, սակայն հետաձգվել էր կորոնավիրուսի համավարակի պատճառով։

«Մենք շահագրգռված ենք, որպեսզի մեր միջեւ գոյություն ունեցող շատ սերտ, բարեկամական համագործակցությունն իրական գործի վերածվի։ Պետք է սերտ առեւտրատնտեսական հարաբերություններ զարգացնենք, խոսենք տարածաշրջանային նախագծերի, ենթակառուցվածքների եւ այլ նախագծերի մասին, որոնք կհետաքրքրեն երկու երկրներին։ Հենց այդ նպատակով ենք մենք այսօր հավաքվել»,- ասել է Ղարիբաշվիլին։

Վրաստանի վարչապետը շնորհակալություն հայտնեց իր հայ գործընկերոջն այն բանի համար, որ միջկառավարական տնտեսական հանձնաժողովի նիստն անցկացվում է վարչապետների մակարդակով երկու երկրների կառավարությունների ղեկավարների միջեւ ձեռք բերված նախաձեռնության եւ պայմանավորվածության համաձայն։

«Այս տարի սա ձեր երկրորդ այցն է Վրաստան։ Սիրով ուզում եմ նշել, որ այս տարի արդեն երկու անգամ պաշտոնական այցով եղել եմ Երեւանում։ Եվ դա իսկապես մատնանշում է մեր միջեւ առկա սերտ հարաբերությունները, մեր միջեւ համագործակցությունը, բարի կամքը։ Եվ ես ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ` այս հարաբերությունների, այս տրամադրվածության համար»,- ասել է Ղարիբաշվիլին:

Վրաստանի վարչապետն ընդգծել է, որ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած սերտ կապերի շնորհիվ է, որ Վրաստանի եւ Հայաստանի միջեւ «իդեալական հարաբերություններ» են հաստատվել։

«Հպարտությամբ եւ հաճույքով կարող ենք ասել, որ մեր երկրների միջեւ նման հարաբերություններ չեն եղել։ Իհարկե, մենք միշտ շատ մտերիմ եւ բարեկամական հարաբերություններ ենք ունեցել, բայց կարող ենք ասել, որ մեր կառավարությունների միջեւ մեր վաստակի շնորհիվ է, որ մեր երկրների միջեւ թյուրըմբռնում չկա, եւ մենք իսկապես իդեալական հարաբերություններ ունենք»,- ասել է Ղարիբաշվիլին։

--00--ԿԿ