ՇՄ նախարար Հակոբ Սիմիդյանն առանձնազրույց է ունեցել ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիի հետ

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23,  24 News

ԱԺ

Այսօր Շրջակա միջավայրի նախարարությունում տեղի է ունեցել «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի և Կլիմայի կանաչ հիմնադրամի (ՄԱԶԾ-ԿԿՀ) ծրագրի խորհրդի նիստը։ 

Նախքան նիստի մեկնարկը նախարար Հակոբ Սիմիդյանն առանձնազրույց է ունեցել Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ, խորհրդի համանախագահ Նաթիա Նացվլիշվիլիի հետ։

Ողջունելով տիկին Նացվլիշվիլիին նախարարությունում, նախարարն ուրախությամբ փաստել է, որ մեր երկրի համար կարևորագույն այս ծրագրի ներկայացուցիչն առաջին գործընկերն է, ում հետ ինքն հանդիպում է նախարարի պաշտոնը ստանձնելուց հետո։

Հայաստանի Հանրապետությունում շենքերի ոլորտն էներգիայի ամենամեծ սպառողներից է։ ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի (ԿՓՇԿ) ներքո Հայաստանի երրորդ ազգային հաղորդագրության համաձայն՝ շենքերի ոլորտը կլիմայի փոփոխության մեղմացման գերակա առաջնահերթություններից է։

«Կարծում եմ, որ իրականացվող ծրագիրը շատ կարևոր է ոչ միայն էներգիայի ռեսուրսների գրագետ և արդյունավետ կառավարման տեսանկյունից, այլև շահառուների շրջանում լուծում է սոցիալական որոշակի խնդիրներ։

Հաշվի առնելով այս և այլ բաղադրիչներ, ՀՀ կառավարության և Շրջակա միջավայրի նախարարության անունից պատրաստակամություն եմ հայտնել գործադրել հնարավոր ջանքերը՝ ծրագրի անխափան ընթացքի և շարունակականության ապահովման համար։

Վստահ եմ՝ ծրագրի հաջող ընթացքը համատեղ այլ ծրագրեր մշակելու և կյանքի կոչելու նոր խթան կհանդիսանա»,- նշել է նախարարը։

Տիկին Նացվլիշվիլին, շնորհակալություն հայտնելով հանդիպման համար, ևս մեկ անգամ վկայակոչել է այն ամուր հարաբերությունները, որոնք առկա են Շրջակա միջավայրի նախարարության և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի միջև և նախանշել հետագա ավելի սերտ համագործակցության հեռանկարները։

«Էներգաարդյունավետության ծրագիրը ռազմավարական կարևորագույն ծրագրերից է նաև ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի համար և պետք է համատեղ ջանքերի ու ուշադրության ներքո լուծել բոլոր խնդիրները և առաջ շարժվել»,- նշել է Նաթիա Նացվլիշվիլին։

Վերահաստատելով ծրագրի ընթացքին օժանդակության պատրաստակամությունը, նախարար Հակոբ Սիմիդյանը հույս է հայտնել, որ շատ մոտ ապագայում արդեն իսկ ականատես կլինենք այսօրվա հանդիպման օրակարգի իրականացմանը։

--00—ՄՀ