Խոսում եմ մի վիրուսի մասին, որը շատ վաղուց հայտնի է մարդկությանը. Կարեն Ավագյան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29, 24News

Ավագյան

ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Կարեն Ավագյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․

«Համաճարակային այս տարին լի էր վիրուսի մասին խոսակցություններով։ Ոմանք պնդում են, թե դրա հետևանքները չեն սպառնում մարդկությանը, ոմանք էլ շարունակում են պնդել՝ մարդկության ոչնչացումը կապել վիրուսների հետ։

Այս քննարկումներն իհարկե օրացուցային տարով չեն ավարտվելու, բայց հիմա ամենևին կորոնավիրուսի մասին չեմ գրում։

Խոսում եմ մի վիրուսի մասին, որը շատ վաղուց հայտնի է մարդկությանը։ Դրա կործանարար ուժը կասկածից վեր է։ Այն կարելի է բնորոշել տարբեր բառերով։ Չարություն, նախանձ, ատելություն, կարեկցանքի բացակայություն, դավաճանություն, ստորություն, ձևականություն, քծնանք և վստահ եմ շարքը երկար կարող եք լրացնել։

Սրանք բոլորը մարդկության կործանումը գուժող մի վիրուսի՝ փոքրոգության դրսևորումներ են։

Ի տարբերություն կենսաբանական վիրուսների, այս մեկի դեպքում բացասական է ազդում ինքնամեկուսացումը, ձեռքերն ամեն ինչից լվանալը։ Փոքրոգության տարածմանը նպաստում են դիմակների հաճախակի օգտագործումն ու դրանց փոխումը։

Սրա դեմ պայքարելը շատ հեշտ է։ Լինել առանց դիմակ ու մարդկային հատկանիշներով լի։

Եղեք առողջ, նաև հոգեպես»։

--00--ԱԹ