Հայաստանը և արևելագիտությունը սիրող գիտնականը. իրանագետ Վարդան Ոսկանյանը 50 տարեկան է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 9, 24News

նկար

Այսօր լրանում է հայտնի իրանագետ, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանի 50-ամյակը: Կենսուրախ, լավատես և երիտասարդական ավյունով նրա կերպարի համար «50 տարեկան» արտահայտությունը, կարծես թե, խորթ է հնչում, սակայն եթե նայում ենք Ոսկանյանի գիտական և մանկավարժական վաստակին, ապա ճիշտ հակառակ մտքեր են առաջանում, քանի որ նման արդյունքի սովորաբար հասնում են ավելի ավագ տարիքում:

Իրանը, ինչպես ասում են ռուսերեն՝ “от а до я”, խորքային իմացող Վարդան Ոսկանյանը իր էությամբ է արևելագետ, սիրահարված է իր մասնագիտությանը անկեղծ և անմնացորդ սիրով: Նույնիսկ մեր արևելագիտական նեղ շրջանակում շատ քչերը հստակ կարող են ասել, թե նա քանի արևելյան լեզվի է տիրապետում, որովհետև դրանք իրոք շատ են և Ոսկանյանը հաճախ համեստաբար չի էլ նշում, որ տիրապետում է այդ լեզվին, սակայն անհրաժեշտության դեպքում տեսնում ես, որ նա հեշտությամբ թարգմանեց արևելյան որևէ լեզվով բավական բարդ տեքստ:

Եվ մեր զարմացած հարցին, թե տիրապետո՞ւմ ես այդ լեզվին նաև ժպտալով պատասխանում է, թե դրանով «մի թեթև զբաղվել է» ժամանակին:

Վստահորեն կարող եմ ասել, որ Վարդան Ոսկանյանը տաղանդաշատ գիտնական է, բայց հատկապես բացառիկ օժտվածություն ունի լեզուների և ի մասնավորի՝ արևելյան լեզուների ուսումնասիրության, տիրապետման և կիրառման հարցում: Այդ իր ունակության պատճառով ես նրան, ինչ-որ առումով, նմանեցնում եմ լեգենդար ջազմեն Լևոն Մալխասյանի՝ Մալխասի հետ. ճիշտ այնպես ինչպես Մալխասն է «հարգալից արհամարհանքով» խաղում ռոյալի ստեղների հետ, այդպես էլ Վարդան Ոսկանյանն է խաղում արևելյան լեզուների հետ: Արևելյան լեզուների պոլիգլոտը հանգիստ և որ ամենակարևորն է՝ սիրով ու ոգևորությամբ վեր է հանում տարբեր արևելյան լեզուների բառերի արմատները, համեմատում դրանք, ցույց տալիս տարբերությունները: Գիտական այդ բարդ խնդիրը նա լուծում է թեթևությամբ, երբեմն հումորով, համեմատելով հայերենի ժառգոնների հետ ու անգամ ֆեյսբուքյան գրառումներ անում այդ մասին:

Բացի լեզվական այդ իմացությունից՝ Վարդան Ոսկանյանը տիրապետում է շատ կարևոր մի «լեզվի»՝ իրանական նշանային լեզվին: Այսինքն՝ նա կարող է քաղաքական կամ քաղաքագիտական առումով «թարգմանել» Իրանի պաշտոնական որևէ հայտարարություն, բացահայտելով զուտ արևելյան ակնարկները կամ ասելիքը: Իրական արևելագետի համար պարտադիր այդ իմացությունը Ոսկանյանի մոտ դրսևորված է բազմակողմանիորեն:

Վարդան Ոսկանյանը շարունակում է հայկական արևելագիտության այն փառավոր գիծը, երբ օտարները և հատկապես արևելյան լեզվի կրողները (դիցուք իրանցիները) կարող են ոչ միայն հիացմունքով լսել իրենց մայրենի լեզվով դասախոսություն հայ իրանագետի կողմից, այլև իմանալու, սովորելու նկատառումներից ելնելով՝ հարցեր տալ լեզվական նրբությունների մասին և ստանալ սպառիչ պատասխան Ոսկանյանից: Դա առաջ է բերում ոչնչով չգնվող հարգանք այդ ազգերի ներկայացուցիչների մոտ Օսթադի (Ուսուցչի)՝ Վարդան Ոսկանյանի հանդեպ: Եվ ամենակարևորը՝ Ոսկանյանը համեստ գիտնական է բառիս ամենադրական իմաստով, այսինքն՝ նա երբեք իր իմացությամբ, գիտելիքներով չի ծանրաբեռնում դիմացինին լինի դա առաջին կուրսի ուսանող, թե սկսնակ կամ կայացած գիտնական: Ուզում եմ ասել, որ նրան խորթ է «գիտական քաղքենիությունը» և բացասական իմաստով վերամբարձ ոճը:

Ոսկանյանի աշխատանքային տարածքը (չեմ ասում աշխատասենյակը, քանի որ նա ավելի հաճախ իրանագիտության ամբիոնի «ընդհանուր» տարածքում է) ևս դասական արևելագիտական է. բացի արևելյան իրերից և անբաժան թեյից ու ծխախոտից, դա Ուսուցչի և աշակերտների մի հավաքատեղի է, որը բնորոշ է Արևելքի գիտա-կրթական միջավայրերին: Դա մի իրավիճակ է, երբ Ուսուցիչը՝ Օսթադը շրջապատված աշակերտներով՝ մյուրիդներով քննարկում է տարատեսակ արևելագիտական խնդիրներ, սովորեցնում է և հետաքրքրությամբ լսում է նաև նրանց կարծիքներն ու վերլուծությունները:

Սակայն Վարդան Ոսկանյանի (ինչպես և բոլոր իրական հայրենասեր հայերի) ամենամեծ սերը Հայրենիքն է՝ Հայաստանը: Ասված է, որ Հայաստանը մանրամասն սիրելու երկիր է և ահա Ոսկանյանը կոնկրետ, շոշափելի սիրում է իր Հայրենիքը և գրեթե ամեն շաբաթ կնոջ, երբեմն էլ երեխաների հետ լինում է Հայաստանի տարբեր շրջաններում, ոչ ստանդարտ տուրիստական վայրերում, քայլարշավով շրջելով մեր մեծ Հայրենիքի դե յուրե Հայաստանի Հանրապետություն անվանված հատվածում: Այդ արշավների լուսանկարային պատկերումները արտացոլված են Ֆեյսբուքում լակոնիկ, բայց ամեն ինչ ասող հեշթեգով՝ #Հայաստանը:

Հարգելի՛ Վարդան Ոսկանյան, տաղանդավոր արևելագետ, իմ ավագ գործընկեր, շնորհավորում եմ ծննդյանդ 50-ամյա հոբելյանը և մաղթում առողջություն, որպեսզի դեռ երկար տասնամյակներ նույն անմնացորդ նվիրումով ծառայես քո սիրելի Հայրենիքին և արևելագիտությանը:

Ռուբեն Մելքոնյան
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան

24News-ի խմբագրակազմը միանում է շնորհավորանքին: