Եթե մոտ լիներ, ապտակ կտայի/ Կնոջս վստահում եմ/ Որդուս հորդորեցի կատարել մարտական խնդիրը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 27, 24News

«Ադրբեջանի ՊՆ ղեկավարի եղբայրը ինձ հետ նույն դասակում է ծառայել»: Այդ մասին «Մերձքաղաքական զրույց» հաղորդման շրջանակում բացահայտել է ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ վերհիշելով Բաքվի բարձրագույն ռազմական համազորային հրամանատարական ուսումնարանում սովորելու տարիները: Նա հայտնել է, որ ՀՀ անկախության հռչակումից ու հատկապես 90-ականների պատերազմի ավարտից հետո արտերկրում ի պաշտոնե հաճախ է հանդիպել իր ուսանող-ընկերներին, որոնք այսօր Բաքվում զինվորական բարձր պաշտոններ են զբաղեցնում:

«Թերարժեքության բարդույթ ադրբեջանցիների հետ շփումներում չեմ ունեցել»,-խոստովանել է Հայաստանի ու Արցախի ՊՆ նախկին ղեկավարը, ապա հավելել, որ պատճառը նաև հաղթողի դիրքից շփումն էր:

Արցախի հերոսը պատմել է նաև 1992-ին Չլդրան գյուղի մոտ 2-րդ անգամ ծնվելու, անդամահատումից հետո ծագած բարդություններին հումորով վերաբերվելու, 44-օրյային գնդապետ որդուն տված խորհուրդների մասին, անուն առ անուն ներկայացրել է լավագույն «ենթակաների աստղաբույլը», պատմել Վազգեն Սարգսյանի, Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի հետ 1993-ին բանակցությունների մեկնելու մանրամասները, դժգոհել 8-րդ գումարման խորհրդարանի երիտասարդ պատգամավորների խոսույթից:

Գեներալ-գնդապետը պատմել է նաև կնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի՝ քաղաքականություն մտնելու հավանականության, նրա ֆեյսբուքյան գրառումների ու լուսանկարների, ինչպես նաև կնոջ ծաղկեփնջերի գնի հետ կապված ասեկոսեների մասին:

Հաղորդումը կարող եք դիտել՝ ըստ հետևյալ ենթավերնագրերի.

00:00 Անոնս,
01:35 Մայրս քարինտակցի է, հայրս՝ գորիսեցի, Շուշին ծննդավայրս է,
04:10 Ադրբեջանի ՊՆ ղեկավարի եղբայրը ինձ հետ նույն դասակում է ծառայել, 
08:37 1992-ին Չլդրանը 2-րդ ծննդավայրս դարձավ,
14:31 Ոտքս չի մրսում, անտիֆրիզ է լցված,
15:45 1993-ին՝ Մոսկվայի հանդիպմանը, հագուստս մաշված չէր
18:55 Ունեմ լավագույն ենթակաների աստղաբույլ,
21:31 Մեծ որդիս գնդապետ է, 44-օրյային վիրավորվել է,
24:34 Ծառայության 37 տարիներին թերություններ եմ ունեցել, 
28:54 Ասացի՝ ինձ փորձեմ քաղաքականության մեջ,
31:08 ԱԺ-ում երիտասարդների խոսույթը ինձ դուր չի գալիս, 
33:45 Եթե շիշը չնետեի ու մոտ լիներ, հայրական ապտակ կտայի,
35:03 Ասում են՝ ամիսը $15․000-ի ծաղկեփունջ եմ գնում կնոջս համար, 
37:30 Կնոջս վստահում եմ,
41:47 Պրոբլեմին պետք է հանդիպակաց մարտ հայտարարել:

Կարևոր մտքերը՝ շեղատառերով:

  1. 4-րդ դասարան էի, հայրս որոշեց․ «Չէ՞ որ Հայաստանից ենք, տեղափոխվենք»։ 
  2. Թերարժեքության բարդույթ ադրբեջանցիների հետ շփումներում չեմ ունեցել։
  3. Վիրավորումից հետո մի պահ թվում է՝ կյանքը կանգ է առնում, և շարունակություն չի ունենա։ 
  4. Սարգիս Ստեփանյանն ազատագրել է հողը, բայց այդ հողի վրա 2 ոտքով չի կարողանում կանգնել։ 
  5. Տղամարդը կարող է մարմնի ինչ-որ մասով հաշմված լինել, կարևորը հոգեպես հաշմված չլինելն է։ 
  6. Կան մարդիկ, որ ոտքերի վրա են, ձեռքեր ունեն, բայց նրանց աշխատանքի ՕԳԳ-ն զրո է։ 
  7. Մինչև վիրավորվելն եղել եմ վազող հրամանատար, վիրավորվելուց հետո՝ խրամատային։ 
  8. Լավագույն ենթականերիցս են Յուրի Խաչատուրովը, Մովսես Հակոբյանը, Լևոն Մնացականյանը, Օնիկ Գասպարյանը: 
  9. Մի՛ փորձիր երեխայիդ դաստիարակել, միևնույն է՝ նմանվելու է քեզ․ զբաղվի՛ր ինքնադաստիարակությամբ։ 
  10. 44-օրյային որդուս հորդորել եմ՝ ինչ խնդիր դրված է իր առջև, պետք է կատարել։ 
  11. Ցանկացած որոշում, որ հասցնում ես վերջնակետին, ամենաճիշտ որոշումն է։ 
  12. ՔՊ-ն կարծես ընդդիմության դերում լինի․ թվում է՝ ես բանակի ղեկավարն եմ, իրենք ընդդիմությունը։ 
  13. Կարո՞ղ եմ ասել, որ իմ ժամանակ չեն ազատվել․ իմ ժամանակ էլ են թերություններ եղել։ 
  14. Խելացի կին ունենալն անհրաժեշտություն է․ կինս ինձ աջակցում է։ 
  15. Ասում են՝ Օհանյանն ամիսը 15․000 դոլարի ծաղկեփունջ է գնում կնոջ համար․ 1 փունջը 15-20․000 դրամ է։ 
  16. Ամենակարևոր խնդիրներում կինս համաձայնացնում է ինձ հետ իր գործողությունները։ 
  17. Երբ ուժը քո ձեռքին է, հերոսություն չէ այդ ուժն օգտագործելը։ 
  18. Սխալը չվերացնելը նման է մարտի դաշտում անհաջողությունից հետո զորքն անտեր թողնելուն։ 

--00—ԼՄ