Վարչապետի «հաջողված պատմությունը» փորձում են կրկնել գործող «ընդդիմությունները»․ Ստեփան Դանիելյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 22, 24News

Ստեփան Դանիելյան

Ընդդիմությունը միշտ փորձում է պոպուլիզմն օգտագործել կառավարության դեմ: Դրա լավագույն օրինակը ներկայիս վարչապետն է, ով արտաքին ու ներիշխանական աջակցության շնորհիվ կարողացավ խաղալ հանրության ամենապարզունակ բնազդների վրա ու փողոցով գալ իշխանության,- գրում է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:

«Այդ պոպուլիզմը երկու հիմնական մեխ ուներ, սոցիալական ընդվզում ու հակաղարաբաղիզմ.

- սոցիալական դժգոհություն՝ հարուստներ և աղքատներ դիսկուրսի շրջանակում,

- Արցախը հանձնելը, որն ավելի քողարկված ձևով էր ներկայացվում:

Գործող վարչապետի ՛՛հաջողված պատմությունը՛՛ (success story) փորձում են կրկնել գործող ՛՛ընդդիմությունները՛՛:

Նրանց պոպուլիզմի հիմնական թեզերն են.

- Արցախում դավաճանություն է տեղի ունեցել,

- սևեր ու սպիտակների բաժանման մեջ իսկական սևերը, այսինքն կոռուպցիոներներն ու տգետները, իշխանության եկած խառնամբոխն է:

Երկու դեպքում էլ չկա իրական քաղաքական օրակարգ: Եթե 2018-ին սոցիալական պոպուլիզմն ուներ ազդեցություն ժողովրդի մի ստվար զանգվածի բնազդների վրա ու հույս էր ներշնչում, որ գոնե ինչ-որ առումով ապագայի հեռանկար է բացվում, ապա ներկայիս ընդդիմադիրների պոպուլիզմն ապագայի որևէ հեռանկար չունի, զուրկ է ինտելեկտուալ բաղադրիչից ու չունի որևէ ստրատեգիական առաջարկ լայն հանրության համար:

Ներկա քաղաքական իրականությունը չի կարող արևէ հանգուցալուծման հանգեցնել: Առաջ շարժվելու համար սա ուղղակի պետք է ֆիքսել, որպես անհրաժեշտ, բայց ոչ բավարար քայլ»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Դանիելյանը:

--00--ԱՀ