Ադրբեջանի ԱԳՆ-ն Արցախի գազամատակարարումը Բաքվի «ներքին գործն է» անվանել 

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News

նկար

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը, փոխանակ Ադրբեջանի «ներքին գործերին» խառնվելուն, ավելի լավ կանի, եթե դուրս բերի իր զինված խմբավորումների մնացորդները։ Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, այս մասին հայտարարել է այդ երկրի ԱԳ նախարարության մամլո քարտուղար Լեյլա Աբդուլլաևան՝ մեկնաբանելով Արցախի գազամատակարարման անջատումը դատապարտող ՀՀ ԱԳՆ հայտարարությունը։ 

«Խորհուրդ ենք տալիս, որպեսզի Հայաստանն ապահովի իր պարտականությունների կատարումը, որոնք ամրագրված են եռակողմ հայտարարությունում, այդ թվում՝ իր զինված ուժերի մնացորդների դուրսբերումը տարածաշրջանից (Արցախից - խմբ.), որով կնպաստեն տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանը, այլ ոչ թե հանդես կգան անհիմն հայտարարություններով», - ասել է նա։ 

Հիշեցնենք, որ Ադրբեջանի զինված ուժերը մեկօրյա ընդհատումով ավելի քան երկու շաբաթ առանց գազամատակարարման են թողել Արցախի բնակչությանը, ինչը ձնառատ եղանակային պայմանների պատճառով հանգեցրել է հումանիտար ճգնաժամի։

--00—ԼՄ