Ձախողակ նախկին նախարարը ճիշտ կանի ելույթները սկսի այս ձևակերպմամբ՝ «կույր եմ եղել, որ չեմ տեսել»

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 27, 24News

Ռուբեն Մելքոնյան

ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը գրում է.

«Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի ամենաձախողակ նախկին նախարարը՝ Զոհրաբ Մնացականյանը, Twitter-ում գրել է «Պետք էր կույր լինել՝ չտեսնելու համար այն ռիսկը, որ Ադրբեջանը կօգտվի Ուկրաինայում ստեղծված իրավիճակից և Արցախում նոր սպանություններ ու տառապանքներ կիրականացնի»։

Երբեմն անգամ ճշմարիտ խոսքը դառնում է անարժեք, եթե դա արտաբերում են իրենց պատասխանատվության ոլորտները կործանած մարդիկ, որոնցից է Զ. Մնացականյանը: Հետաքրքիր է՝ իսկ իր նման երկար տարիների ստաժ ունեցող դիվանագետը.

- արդյո՞ք կույր չպետք է լիներ, որ չտեսներ, թե ինչպես են 2018 թվականից հետևողականորեն կործանվում Հայաստանի դիվանագիտական դիրքերն այն քաղաքական թիմի կողմից, որի անդամ էր նա,

- արդյո՞ք կույր չպետք է լիներ, որ դառնար այդքան քաղաքականացված դիվանագետ և կորցնելով պրոֆեսիոնալ անկողմնակալությունը՝ ինքնահռչակվեր քաղաքական թիմի անդամ,

- արդյո՞ք կույր չպետք է լիներ, որ BBC-ին նման խայտառակ հարցազրույց տար:

Այս շարքը կարող եմ շարունակել, սակայն պետք է հստակ փաստել, որ 2018-ից սկսված ընդհանուր պետականակործան գործընթացում Զ. Մնացականյանը հայկական դիվանագիտության կործանման գլխավոր խորհրդանիշներից է, ով՝ որպես դիվանագետ, ոչ միայն չի կասեցրել քաղաքական իշխանությունների կործանարար քայլերն այդ ոլորտում, այլև արդարացրել է դրանք ու մնալով նախարարի պաշտոնում մինչև վերջնական պարտություն՝ մասնակից դարձել այդ ամենին: Այնպես որ, ձախողակ նախկին նախարարը ճիշտ կանի հրապարակային ելույթներն ու գրառումները սկսի իր՝ որպես դիվանագետի, կործանարար և կոպտագույն սխալների ու տապալումների թվարկմամբ հենց այդ ձևակերպման ներքո՝ «կույր եմ եղել, որ չեմ տեսել…»:

--00--ԱՀ