ՀՀ-ԵՄ համաձայնագիրը Ֆրանսիայի Ազգային ժողովի օրակարգում է․ Միրզոյանը հանդիպել է դեսպանին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 15, 24News

Thumbnail

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը փետրվարի 15-ին ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտին: Այդ մասին հայտնում է ՀՀ Ազգային ժողովի լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունը։

Խորհրդարանի նախագահը, կարեւորելով հայ-ֆրանսիական հարաբերությունների  ներկա մակարդակը, ընդգծել է, որ դրանց հիմքում  նաեւ երկու ժողովուրդների միջեւ պատմամշակութային բազմադարյա կապերն ու Ֆրանսիայի հայկական համայնքի առկայությունն է:

Արարատ Միրզոյանը գոհունակությամբ փաստել է, որ Ֆրանսիան աշխարհում Հայոց ցեղասպանությունն օրենքի ուժով ճանաչած առաջին երկիրն է: Այս համատեքստում խորհրդարանի ղեկավարը կարեւորել է վերջերս ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր հռչակելու վերաբերյալ Ֆրանսիայի նախագահ Մակրոնի  հանձնառության վերահաստատումը:

Խոսելով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի մասին՝ օրենսդիր մարմնի ղեկավարը բարձր է  գնահատել Ֆրանսիայի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի գործուն ջանքերը հակամարտության խաղաղ կարգավորման հարցում:

Անդրադառնալով     երկկողմ օրակարգին՝ Ազգային ժողովի նախագահը կարեւորել է նաեւ  հայ-ֆրանսիական առեւտրատնտեսական  ու մշակութային  կապերի խորացումը: Երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացման տեսանկյունից արժեւորվել է Հայաստանում Զարգացման ֆրանսիական գործակալության հիմնման վերաբերյալ համաձայնագրի ստորագրումը:

Ժոնաթան Լաքոտը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, պատրաստակամություն է հայտնել ջանքեր ներդնել երկկողմ հարաբերությունները որակական նոր մակարդակի հասցնելու գործում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանն արդեն խորհրդարանական կառավարման համակարգի անցած երկիր է:

Դեսպանը, անդրադառնալով երկու երկրների պատգամավորների փոխգործակցությանը, նշել է, որ Ֆրանսիայի խորհրդարանում կան ծագումով հայ մեծ թվով պատգամավորներ, ովքեր  ակտիվ համագործակցում են Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Նրա խոսքով՝ բացի հայկական ծագում ունեցող պատգամավորներից, ֆրանսիացի խորհրդարանականները եւս իրենց համարում են Հայաստանի բարեկամներ:

Կողմերը կարեւորել են միջխորհրդարանական համագործակցության ընդլայնումը, օրենսդիր մարմինների արդյունավետ փոխգործակցությունն ինչպես բարեկամական խմբերի, այնպես էլ համապատասխան հանձնաժողովների մակարդակով:

Զրուցակիցներն անդրադարձել են  նաեւ Հայաստան-Եվրամիություն Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման գործընթացին, Հայաստանի քաղաքացիների համար ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկին առնչվող հարցերին: Դեսպանը վստահեցրել է, որ համաձայնագրի վավերացման հարցն արդեն Ֆրանսիայի Ազգային ժողովի օրակարգում է՝ նաեւ ընդգծելով, որ փաստաթղթի ընդունումը չի ուշանա: