1-ին անգամ Հայաստանի առաջնորդը Ղարաբաղից չէ․ նա պետք է շատ զգույշ լինի․ Հոգլանդ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 22, 24News

Հոգլանդ

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ոլորտում առավել ճիշտ ռազմավարությունը փոքր քայլերով առաջ շարժվելն է, «Ամերիկայի Ձայն»-ի հետ զրույցում նշել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ-ի նախկին համանախագահ դեսպան Ռիչարդ Հոգլանդը, որը, ըստ աղբյուրի, դուրս է եկել պետական ծառայությունից և ներկայացնում է սեփական տեսակետը:

Ըստ նրա՝ Հայաստանի նոր իշխանությունն այս առումով ճիշտ մարտավարություն են կիրառում. «Նիկոլ Փաշինյանը նոր սերունդն է ներկայացնում, նրան ընտրել է նույնպես նոր սերունդը: Կարծում եմ, Հայաստանի քաղաքացիները նրան ընտրել են, որովհետեւ ցանկանում են նոր մոտեցումներ տեսնել երկրի կյանքի բազմաթիվ ոլորտներում»:

Միևնույն ժամանակ Փաշինյանի համար ղարաբաղյան հակամարտության հարցն առավել բարդ խնդիր է, համոզված է դեսպանը։ 

«Երկար տարիների ընթացքում առաջին անգամ Հայաստանի առաջնորդը Ղարաբաղից չէ, ուստի, նա պետք է շատ զգույշ լինի, արմատական փոփոխությունների չգնա այլ հարցին քայլ առ քայլ մոտենա»:

Վերջին զարգացումները, այդ թվում՝ կողմերի միջեւ ընթացող երկխոսությունն ու շփման գծում բախումների որոշակի կրճատումը, Ռիչարդ Հոգլանդին զգույշ լավատեսության առիթ է տալիս, սակայն, լուրջ բեկում նախկին դիվանագետը խորհուրդ է տալիս չսպասել. Այսօր բանակցային սեղանի վրա գտնվող «Լավրովի նախագիծը» կողմերից եւ ոչ մեկի հավանությանը դեռ չի արժանացել:

Աղբյուրը հիշեցնում է, որ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի կողմից առաջարկված ղարաբաղյան կարգավորման փաստաթուղթը հիմնված է Մադրիդյան սկզբունքների վրա՝ որոշակի տարբերություններով։ 

«Հիմնական տարբերությունը դա հանրաքվեի առաջարկն է, որը պետք է անցկացվի Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների թվում, ներառյալ Բաքվի շուրջ կացարաններում բնակվող տեղահանված արդբեջանցիներին: Պատճառը, որ երկու կողմերն էլ դեռ չեն ընդունել այս նախագիծն այն է, որ հանրաքվեի ժամկետներն ամրագրված չեն՝ դա հանրաքվե է, որն անց է կացվելու որեւէ մի ժամանակ ապագայում: Ուստի, երկու կողմերից կպահանջվեր միմյանց նկատմամբ մեծ վստահություն այս առաջարկն ընդունելու համար: Սակայն, այս պահին թե՛ Երեւանը եւ թե՛ Բաքուն ցանկանում են, որ այդ հանրաքվեն ստույգ ամրագրված ժամկետներ ունենա»:

Ըստ Դեսպան Հոգլանդի՝ բացի կողմերի միջև եղած լուրջ անհամաձայնություններից՝ տարածաշրջանում կան ուժեր, որոնք հետաքրքրված չեն ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ։

«Իրական հարցն այն է, թե արդյոք տարածաշրջանի տերությունները հետաքրքրվա՞ծ են այս հարցի կարգավորմամբ: Կարծում եմ՝ Իրանը հետաքրքրված կլինի, որ խնդիրը կարգավորվի: Սակայն արդյոք Ռուսաստանը ցանկանո՞ւմ է, որ այն կարգավորվի․ այս հարցի պատասխանը միանշանակ չէ»:

Ըստ Հոգլանդի՝ Մոսկվայում կան ուժեր, որոնք կարծում են, որ ղարաբաղյան խնդրի կարգավորման դեպքում կկորցնեն կողմերի վրա ազդեցության կարևոր լծակ: