Ադրբեջանցիների նպատակը «Զանգեզուրի միջանցքն» է, սա այնքան կշարունակվի, մինչև Նիկոլն այն չհանձնի

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 3, 24News

Արցախ

Իրավիճակը սահմանագծում շարունակում է շատ լարված մնալ, ռուս խաղաղապահների միջնորդությամբ փորձում են հանդարտեցնել իրավիճակը, դեռ որևէ դրական փոփոխություն չկա: Այս մասին 24News-ին ասաց Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը:

«Միամտություն է հավատալ, որ ադրբեջանցիների էսկալացիան Լաչինի միջանցքի համար է: Որոշ մարդիկ գալիս էին Աղավնո, Բերձոր,  նկարվում էին ու համարում, որ դրանով հանձնումը կանգնեցրին: Մենք շատ լավ գիտակցում ենք, որ նոյեմբերի 9-ին Նիկոլը արդեն ստորագրել էր Բերձորի, Աղավնոյի, Սուսի հանձնումը:

Այս էսկալացիայի նպատակը Լաչինի միջանցքը չէ, ադրբեջանցիներն այն արդեն իրենցն են համարում՝ ճանապարհը սարքել են, հայկական կողմն էլ իր ճանապարհն է սարքում: Այսօր ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ասում է, որ ճանապարհի հետ կապված ադրբեջանցիների պահանջը լեգիտիմ չէ, բայց երբ մենք էինք այդ մասին ասում, մեզ հակառակվում էին, հիմա նա դա ասում է, որ հանրությանը շեղի, քանի որ հիմա ադրբեջանցիների պահանջը «Զանգեզուրի միջանցքն» է»-նշեց Հակոբյանը: 

Հարցին, եթե ադրբեջանցիները «Զանգեզուրի միջանցքն» են պահանջում, հնարավո՞ր է  գործողությունները ընդլայնվեն, պատգամավորը պատասխանեց. «Այս ամենը կշարունակվի այնքան, մինչև «Նիկոլ փրկիչը» նորից հանձնելով «փրկի» մնացածն այնպես, ինչպես որ վերջին երկու տարում ենք տեսնում»:

Հերմինե Միքայելյան

 

--00--ՏՏ