Փաշինյանը հետևողականորեն կազմաքանդում է հայկական բանակը, նա անվտանգություն ապահովելու նպատակ չունի

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1, 24News

21fc50bc-ae8e-44dd-a95e-7966eb74e4f0.jpg

2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո բանակը վերականգնելու լուրջ աշխատանք չի իրականացվել, Փաշինյանը ոտքի վրա խաբում է բոլորին։ Այս մասին 24News-ին ասաց «Ռազմինֆո» ռազմական-վերլուծական կայքի համակարգող, ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը։

Երեկ պետական Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել էր բանակի բարեփոխումների մասին։

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանի խոսքերով՝ Նիկոլ Փաշինյանի գործողություններն ընդհակառակը բերել են բանակի կազմաքանդմանը տարբեր մակարդակներով։ «Բանակի վրա չէր կարող չազդել այն, որ Փաշինյանը 5 ամիս ԶՈՒ գլխավոր շտաբի պետ չէր նշանակում։ Չի կարող բանակի վրա չազդել այն, որ անցած տարվա փետրվարից մինչեւ հիմա չունենք հետախուզության պետ։
Այդ ֆոնին պարզ է, որ քլունգ էլ չի լինելու, բահ էլ չի լինելու, նորմալ խրամատ չի լինելու, իսկ թշնամին առաջ է գալիս մեր հողում ու Նիկոլ Փաշինյանից ստանում հրադադարի երաշխիք։ Այն օգտագործում է 1-2 շաբաթում ամրանալու համար, ճանապարհներ է սարքում արդեն մեր տարածքում», - նշեց Վրթանեսյանը։

Սեպտեմբերի 29-ին՝ Կառավարության հերթական նիստին, Փաշինյանը, խոսելով ադրբեջանական ռազմական ագրեսիաների մասին, ասել էր, որ միջազգային գործընկերներին առաջարկում են, որ իրավիճակի լուծում կարող է լինել Հայաստան-Ադրբեջան սահմանին միջազգային դիտորդական առաքելության տեղակայումը, օրինակ՝ ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, այլ կազմակերպության։ Այս մասին կրկին խոսել էր երեկվա հարցազրույցում։

Երեկ ԱՊՀ անդամ երկրների անվտանգության մարմինների և հետախուզական ծառայությունների ղեկավարների 18-րդ նիստում Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ասել էր, որ քննարկվում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) դիտորդների օգտագործման հնարավորությունը։

«Քննարկվում է ՀԱՊԿ-ի դիտորդական առաքելության տեղակայման հնարավորությունը, որը նպաստավոր պայմաններ ստեղծելու նպատակ ունի Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների համաձայնություններն իրականացնելու, մասնավորապես՝ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման եւ, ընդհանուր առմամբ, կարգավորման համար։ Քննարկվում են Բաքվի եւ Երևանի հարաբերությունները, նաև համապատասխան համաձայնագրի ստորագրումը», - հայտարարել էր Լավրովը։

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը, անդրադառնալով դիտորդական առաքելության տեղակայման իրատեսականության հարցին, ասաց, որ հնարավոր չէ Փաշինյանի ասածների վրա հիմնվելով` խոսել ինչ-որ բանի իրատեսականությունից կամ ոչ իրատեսականությունից։

«Եկեք հիշենք՝ ի՞նչ էր խոսում Փաշինյանը 2020 թվականի նոյեմբերին ինչ-որ 6-ամսյա ճանապարհային քարտեզի, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում վերականգնելու մասին։ Ասում էր, որ բանակ է վերականգնելու, հետո խաղաղության դարաշրջան էր խոստանում, հիմա՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ և այլն։ Այս մարդը հետևողականորեն կազմաքանդում է հայկական բանակը, կազմաքանդում է հայկական պետությունը։ Դրան զուգահեռ, ինչ-որ հեքիաթներ է հնարում, ինչ-որ զառանցանքներ», - ասաց «Ռազմինֆո»-ի համակարգողը։

«Մոտ 2 տարի է անցել նոյեմբերի 9-ից, 100 անգամ իրար հակասող բաներ են խոսվել։ Նիկոլ Փաշինյանը որեւէ նպատակ չունի Հայաստանի անվտանգությունն ապահովելու, որեւէ կերպ պաշտպանելու մասով։ Պահի տակ ինչ-որ բաներ է հայտարարում, հետո դրա հակառակն է հայտարարում և այլն։ Մեկ ասում է՝ «ռուսները մեզ զենք չեն ծախում», «100 միլիոնավոր դոլարներ վճարել ենք, զենք չենք ստանում», օրեր անց պարզվում է, որ դա Ռուսաստանին չի վերաբերում, հետո ՊՆ-ն հայտարարում, որ «չէ, զենք ստանում ենք» և այլն։ Այսինքն՝ իր ասածները մեկնաբանելն անիմաստ, անշնորհակալ գործ է։ Քամին մի օր ուրիշ կողմ է փչում, մյուս օրը՝ ուրիշ կողմ», - եզրափակեց Կարեն Վրթանեսյանը։

Սերգեյ Առաքելյան

--00—ԶՀ