Փաշինյանը թվիթերյան գրառմամբ ասաց, որ տանուլ է տվել Պրահայի բանակցությունները

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10, 24News

Պրահայում հերթական անգամ Ադրբեջանին հաջողվեց առաջ տանել իր պահանջները, իրենց համար մեկ խնդիրը Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումն է, քանի որ դա էֆեկտիվ միջոց է փակելու Արցախի հարցը: Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասաց Արցախի նախկին արտգործնախարար Կարեն Միրզոյանը:

Միրզոյանի համոզմամբ, Ադրբեջանը տարածքային ամբողջականությունն օգտագործում է արցախյան հիմնահարցը վերջնական փակուղի մտցնելու և արցախահայության պայքարը վերջնականապես ճնշելու համար:

«Պրահայում ընդունված հայտարարությունը ևս մեկ փուլ է Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու համար: 44-օրյա պատերազմից հետո, չնայած վարչակազմի հնչեցրած հայտարարություններին, ՀՀ-ի և Արցախի վիճակն ավելի է վատթարանում:  Այս հայտարարությունը հերթական փուլն է մի պրոցեսի, որը տանում է ՀՀ-ի ինքնիշխանության եթե ոչ կործանման, ապա լրջագույն սահմանափակման»,- ավելացրեց նա:

Իսկ ինչ վերաբերում է Պրահայի քառակողմ հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանի այն գրառմանը, որ տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ Ադրբեջանը կրկին դրական չի պատասխանել, Միրզոյանը նկատեց. «Փաշինյանն իր թվիթերյան գրառմամբ ասաց, որ տանուլ է տվել Պրահայի բանակցությունները, այդ հանդիպումից անմիջապես հետո Ալիևը հայտարարեց, որ մեկ է` ունենալու են Զանգեզուրի միջանցք»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հերմինե Միքայելյան

--00--ԱՀ