Նոյեմբերի 9-ի փաստաթղթում հստակ նշված է ԼՂ-ի գոյությունը, Ադրբեջանը պնդում է՝ ԼՂ գոյություն չունի

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News

12

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ղազախստանում՝ ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին, անդրադառնալով Ադրբեջանի հռետորաբանությանը, թե իբրև ԼՂ այլևս գոյություն չունի, նկատել է․ «2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության տեքստի շահարկումը, ցավոք, դարձել է Ադրբեջանի քաղաքականությունը, և դա արտահայտվում է նաև նրանով, որ չնայած այն փաստին, որ հայտարարության մեջ հստակ նշված է Լեռնային Ղարաբաղի գոյությունը, Ադրբեջանը պնդում է, որ Լեռնային Ղարաբաղ գոյություն չունի»։

Վարչապետը նաև նշել է, որ հայտարարության 9-րդ կետում «ոչ մի տեղ և ոչ մի կերպ» չի հիշատակվում նաև «միջանցք» բառը։ Այն 2020 թ.-ի նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ օգտագործվում է միայն «Լաչինի միջանցք»-ի հետ կապված՝ Լեռնային Ղարաբաղի անվտանգության ապահովման համատեքստում և կապ չունի տրանսպորտային կապերի ապաշրջափակման թեմայի հետ, և այս պայմանավորվածությունների միջև ցանկացած զուգահեռներ համարում ենք մանիպուլյատիվ։

--00—ԼՄ